Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը.
Քաղաքականության մեջ ամենավտանգավոր թակարդները սովորաբար կառուցում են սեփական ձեռքերով։
Պուտին–Փաշինյան վերջին հեռախոսազրույցը հայ–ռուսական հարաբերությունների կարգավորման սկիզբ չդարձավ։ Ընդհակառակը՝ այն բացահայտեց այն փակուղին, ուր Հայաստանը հասցվել է տարիներ շարունակ վարված գործարքային և անհետևողական արտաքին քաղաքականությամբ։
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից իրականում «երես թեքելու», ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ Հայաստանի եվրոպական ինտեգրումն ավարտին հասցնելու անկեղծ և հետևողական ցանկություն չի ունեցել։
Հակառուսաստանյան քաղաքական գիծն ու եվրոպական ուղղությամբ ցուցադրական քայլերը նրա համար առաջին հերթին եղել են եվրոպական քաղաքական շրջանակների աջակցությունը ստանալու, այդ աջակցությունը ներքին լեգիտիմության վերածելու և սեփական իշխանության վերարտադրության հնարավորություններն ամրապնդելու միջոց։
Բայց քաղաքական աջակցությունն անվճար չի լինում։ Այն ունի իր գինը։
Եվրոպացի պաշտոնյաներին տրված խոստումները, ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը, եվրոպական չափանիշների ներդրման հավաստիացումները և հակառուսաստանյան քաղաքական ազդակները վաղ թե ուշ պետք է վերածվեին գործնական որոշումների։
Մինչդեռ նույն ընթացքում Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չի ստեղծել ռուսական տնտեսական համակարգից աստիճանաբար հեռանալու իրական նախադրյալներ, այլև Հայաստանը շարունակել է խորապես կախված մնալ ռուսական շուկայից, էներգակիրներից, տրանսֆերտներից և ԵԱՏՄ արտոնյալ առևտրային ռեժիմից։
Այսինքն՝ քաղաքական հռետորաբանությունը փոխվել է, իսկ երկրի տնտեսական կառուցվածքը՝ ոչ։
Հիմա Ռուսաստանը պահանջում է հստակեցնել ընտրությունը՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ։ Ընդ որում, Մոսկվայի համար հանրաքվեն ոչ այնքան ժողովրդավարական ընթացակարգ է, որքան Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը պաշտոնապես ամրագրելու և դրա ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի ժողովրդի վրա տեղափոխելու միջոց։
Ռուսաստանը փաստացի ասում է՝ եթե եվրոպական ուղին իրական ընտրություն է, ամրագրե՛ք այն և ընդունե՛ք դրա հետևանքները։
Փաշինյանը չի կարող համաձայնել շուտափույթ հանրաքվեի, որովհետև դրա տնտեսական և սոցիալական հետևանքները կարող են հարվածել հենց իր իշխանության հիմքերին։ Բայց նա չի կարող նաև հրապարակայնորեն հրաժարվել եվրոպական ուղուց, որովհետև այդ դեպքում կկորցնի եվրոպական քաղաքական աջակցությունն ու իր կառուցած «եվրոպական առաջնորդի» կերպարը։
Ուստի Փաշինյանը հայտնվել է ոչ թե Ռուսաստանի և Եվրոպայի միջև, այլ իր իսկ տված հակադիր խոստումների արանքում։
Մի կողմում եվրոպական աջակցությունն է և դրա քաղաքական գինը, մյուս կողմում՝ Ռուսաստանի հետ պահպանված տնտեսական կախվածությունը, իսկ մեջտեղում՝ իշխանությունը ցանկացած գնով պահելու հրամայականը։
Հենց դրա համար էլ նա հիմա փորձում է ոչ թե ընտրություն կատարել, այլ հետաձգել ընտրության պահը՝ հայտարարելով, որ հանրաքվեն հնարավոր կլինի միայն ԵՄ-ին պաշտոնապես դիմելուց և հարցն առարկայական դարձնելուց հետո։
Բայց հետաձգվող յուրաքանչյուր որոշում իր գինն ունի։ Եվ այդ գինը վճարելու են ոչ թե սխալ քաղաքականություն վարած իշխանավորները, այլ հայկական արտադրողը, արտահանողը, աշխատողը և, ի վերջո, Հայաստանի քաղաքացին։
Սա պարզապես հանրաքվեի շուրջ վեճ չէ։ Սա Հայաստանի արտաքին քաղաքական մոդելի սնանկացումն է։
Եվ սա աշխարհաքաղաքական թակարդ չէ, որի մեջ Հայաստանը պատահաբար է հայտնվել։ Սա Փաշինյանի կառուցած թակարդն է, որի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը։