copy image url
Ներքին 51 րոպե առաջ - 22:20 28-07-2026

Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News լրատվականը պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել Հրազդանի համայնքապետարան՝ նախատեսվող մայթերի կառուցման աշխատանքների, դրանց գնագոյացման հիմնավորումների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:

Լրատվամիջոցի ուշադրության կենտրոնում հայտնվել էր այն փաստը, որ մայթերի կառուցման համար նախատեսվել է շուրջ 451.9 միլիոն դրամ:

Համեմատության համար նշվել էր Մ-10 միջպետական ավտոճանապարհի շուրջ 7.5 կմ ճանապարհահատվածի միջին նորոգումը, որն արժեցել էր մոտ 494.7 միլիոն դրամ: Ստացվում էր, որ քաղաքային մայթերի գինը գրեթե հավասարվում էր միջպետական նշանակության խոշոր ճանապարհի ծախսերին:

Ի պատասխան Oragir.News-ի հարցման՝ Հրազդանի համայնքապետարանը ներկայացրել է իր պաշտոնական հիմնավորումներն ու պարզաբանել ստեղծված իրավիճակը:

Այսպես, Հրազդանի համայնքապետարանից հայտնում են, որ միջպետական ճանապարհի և քաղաքի մայթերի միջև արվող թվային համեմատությունը լիարժեք համադրելի չէ, քանի որ դրանք բոլորովին տարբեր բնույթի, ծավալի և տեխնիկական լուծումներ ունեցող աշխատանքներ են:

Որպես բարձր արժեքի հիմնավորում՝ կառույցը նշում է նախագծի հետևյալ մանրամասները. նախատեսված է շուրջ 4․7 կմ ընդհանուր երկարությամբ և 3․5 մետր լայնությամբ մայթերի կառուցում: Օգտագործվելու են բազալտե եզրաքարեր և բազալտե սալիկներ:

Ըստ համայնքապետարանի՝ հենց բազալտի կիրառումն է, որ կապահովի մայթերի երկարատև շահագործումը, բարձր դիմացկունությունը և պահպանված տեսքը տարիների ընթացքում: Նախագծում ներառված է նաև հատուկ հեծանվուղու կառուցում:

Ընդ որում, հետիոտնային և հեծանվային հատվածները միմյանցից տարանջատվելու են գրանիտե եզրագծով, ինչը նույնպես ազդում է աշխատանքների ինքնարժեքի վրա:

Մրցույթների տապալումը. ինչո՞ւ շինարարական կազմակերպությունները հայտ չեն ներկայացրել

Համայնքապետարանն իր պատասխանում բացահայտում է մի ուշագրավ փաստ. նշված աշխատանքների ձեռքբերման նպատակով արդեն երկու անգամ հայտարարվել է բաց մրցույթ (ծածկագրեր՝ ԿՄՀՔ-ԲՄՍՇՁԲ-26/38 և ԿՄՀՔ-ԲՄՍՇՁԲ-26/46), սակայն երկու դեպքում էլ որևէ մասնակից հայտ չի ներկայացրել:

«Եթե աշխատանքների արժեքը շուկայականից բարձր է, ինչպես Դուք եք նշում, ապա տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու հանրապետությունում գործող որևէ շինարարական կազմակերպություն չի մասնակցել մրցույթին և չի ներկայացրել իր առաջարկը։ Աշխատանքների արժեքի վերաբերյալ գնահատականներ կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն թվային համեմատությունները, այլև աշխատանքների բնույթը, կիրառվող նյութերը և նախագծային լուծումները»,- նշված է պարզաբանման մեջ:

Ամենից շատ դիտված