Բաքվում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները տպավորիչ ելույթներ են ունեցել՝ գրանցելով մի շարք կարևոր հաղթանակներ։
Գորգ դուրս եկած մեր 5 ըմբիշներից երկուսն արդեն ապահովել են կիսաեզրափակչի ուղեգիր։
48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը մեկնարկային գոտեմարտում կամային փայլուն հաղթանակ գրանցելուց հետո, քառորդ եզրափակչում 9-3 հաշվով վստահ առավելության հասավ Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր: Երեկոյան մրցահերթում նա կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար:
65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը ևս գերազանց է հանդես գալիս: Մեկնարկում նա 7-4 հաշվով պարտության մատնեց իրանցի ըմբիշին՝ հաղթական 4 միավորը վաստակելով գոտեմարտի ավարտից ընդամենը 2-3 վայրկյան առաջ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 5-2 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցչին, իսկ քառորդ եզրափակչում 4-3 հաշվով առավելության հասավ խորվաթ մարզիկի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:
Մ-17 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն, 80 կգ քաշային Վահե Հովեյանը մեկնարկային հաղթանակից հետո 1/8 եզրափակչում 5-1 հաշվով վստահորեն հաղթեց մրցակցին և ապահովեց իր տեղը լավագույն ութնյակում (քառորդ եզրափակիչ):
Հաղթանակով են մեկնարկել նաև մեր մյուս ըմբիշները։ 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը վստահ առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ ու շարունակում է պայքարը:
110 կգ քաշային Խաչիկ Խաչատրյանը մեկնարկում 3-0 հաշվով մաքուր հաղթանակ է տոնել Լատվիան ներկայացնող ըմբիշի նկատմամբ:
Այսպիսով, Արարատ Ավետիսյանն ու Վազգեն Մնացականյանը այսօր երեկոյան կգոտեմարտեն եզրափակչի ուղեգրի համար:
Armsport