Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պետությունների և կառավարությունների ղեկավարներին անհատական փորագրությամբ մարտական ատրճանակներ և վեց փամփուշտ նվիրելու քայլը լուրջ իրարանցում է առաջացրել եվրոպական անվտանգության ծառայություններում:
Ինչպես հաղորդում է հեղինակավորDW-ն, այս հուշանվերները ստանալուց հետո բարձրաստիճան հյուրերից յուրաքանչյուրն իրավական ու անվտանգության նկատառումներից ելնելով յուրովի է տնօրինել ստացված զենքը։
Ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ դիվանագիտական արարողակարգից դուրս նման նվերներն ընդունելն ու սեփական երկիր տեղափոխելը պահանջում են հատուկ, երբեմն նաև խիստ կանոնակարգված ընթացակարգեր։ Մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր ատրճանակն անմիջապես հանձնել է Անկարայում Գերմանիայի դեսպանատանը, որն էլ կազմակերպելու է դրա անվտանգ տեղափոխումը Բեռլին՝ պետական նվերների հատուկ հավաքածուին միացնելու համար:
Լեհաստանում նախագահ Կարոլ Նավրոկիին նվիրված զենքը տեղացիների մոտ անմիջապես արթնացրել է 2022 թվականի աղմկահարույց միջադեպի հիշողությունները, երբ ոստիկանապետի գրասենյակում ուկրաինական նռնականետ էր պայթել, ինչի պատճառով նախագահի օգնականը լրագրողներին վստահեցրել է, որ Էրդողանի նվերից հաստատ չի կրակվի։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ընդունել է միայն ատրճանակը, իսկ փամփուշտները նախընտրել է թողնել Թուրքիայում, մինչդեռ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերն այն կարմիր տուփի մեջ հայտնաբերել է միայն հայրենիք վերադառնալուց հետո և զարմացած վիճակում անմիջապես հանձնել օդանավակայանի ոստիկանությանը՝ սեյֆում պահելու համար:
Ամենախիստ միջոցներին դիմել են Բելգիայի անվտանգության ուժերը, որոնք պաշտոնապես առգրավել են նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենից և Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոստայից ստացված նվերները, ինչից հետո ֆոն դեր Լեյենը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ղեկավարին և հայտարարել ատրճանակը ռազմական թանգարանին նվիրաբերելու իր մտադրության մասին։