«Կոռուպցիոն ռիսկեր միշտ էլ կա, հիմա էլ կա, ժամկետի երկարացման ժամանակ էլ նույն ռիսկը կարող է լինի... կարճ ժամկետն ավելի շատ կնվազեցնի ռիսկը, քան երկարը»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանն՝ անդրադառնալով ՆԳՆ նոր նախաձեռնությանը։
Օրեր առաջ Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել նախագիծ, որով նախատեսվում է վարորդական վկայականի տեսական քննության ժամկետը 1 տարվա փոխարեն դարձնել 2 տարի։
Oragir.News-ն ուսումնասիրեց այս փոփոխությունը և պարզեց, որ «բարեփոխումների» անվան տակ, ենթադրաբար, թաքնված է բյուջեն քաղաքացիների հաշվին լցնելու հերթական սխեման։ Իշխանությունները շատ արագ են նկատում, թե մարդիկ ինչից են դժգոհում, բայց փոխանակ հիմնարար լուծում տան, պարզապես վերացնում են բողոքի առիթը՝ պահպանելով դրամահավաքի տեմպերը։
Քաղաքացիները փաստում են, որ գործնական քննությունը շատերին նշանակում են վեցերորդ անգամից։ Մինչ այդ տեսական քննության ժամկետն ավարտվում է, ու մարդիկ սկսում են բողոքել, որ ստիպված են նորից տեսական պարապել։ Պետությունն էլ ընդառաջում է՝ երկարացնելով ժամկետը, որ մարդիկ ոչ թե բողոքեն, այլ շարունակեն վճարել։
Հիշեցնենք՝ տեսականի արժեքը 3000 դրամ է, իսկ գործնականինը՝ 13,000 դրամ։
Տիգրան Քեյանի դիտարկմամբ՝ ժամկետի երկարացումը չի նշանակում կոռուպցիայի նվազում։ Ընդհակառակը, երբ ժամկետը սեղմ է, մարդիկ հնարավորինս շատ գրանցումներ են կատարում, որ տեսականի ժամկետի մեջ տեղավորվեն։ Իսկ կոռուպցիոն ռիսկերը համակարգային են. բազում քրեական գործեր կան, որտեղ թե՛ տվողը, թե՛ վերցնողը պատասխանատվության են ենթարկվում։
Ամենաանհեթեթը քննական հարցերն են։ Ինչո՞ւ պետք է D կարգի վարորդը իմանա բեռնատարի անվահեծի բարձրությունը։ Կամ ինչո՞ւ սովորել դարձափոխային երթևեկության կանոնները, եթե Հայաստանում նման բան գոյություն չունի։ Իսկ ՃՈ կարգավորողի ազդանշանների մասին հարցերը՝ ձեռքերը երկու կողմ պարզած կամ թեք կանգնած, ուղղակի ծիծաղելի են, քանի որ իրականում մեր ոստիկանները միայն սուլում են ու շրջանաձև շարժումներով հասկացնում՝ «վարե՛ք»։
Որոշ հարցեր էլ պահանջում են բարձրագույն կրթություն և բարձրագույն աչքաչափություն։ Օրինակ՝ Տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից 0.6մ դուրս ցցված բեռը պե՞տք է արդյոք նշվի օրվա լուսավոր ժամերին «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, նաև՝ առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով։ Նման հարց կա նաև այլ ձևակերպմամբ ՝ 0,3մ դուրս ցցված։
Մենք առանձնացրել ենք ամերիկյան վարորդական քննության որոշ հարցեր, որոնք ավելի արդիական կլինեին մեզ մոտ՝ կենտրոնանալով անվտանգության վրա։
Ո՞րն է մեկ այլ մեքենայի հետևից ընթանալու ամենաապահով հեռավորությունը։
Ի՞նչ անել, եթե մեկ այլ վարորդ ագրեսիվ է վարում։
Ի՞նչ է պաշտպանողական վարումը։
Ե՞րբ պետք է նվազեցնել արագությունը, նույնիսկ եթե սահմանված չափի մեջ եք։
Որո՞նք են ալկոհոլի և հեռախոսի օգտագործման վտանգները և այլն։
ՆԳՆ-ի նախաձեռնության մեջ նշված է նաև, որ թեստերից կհանեն տվյալ կարգին չվերաբերող հարցերը։ Մինչ այդ նկատենք, որ D կարգի վարորդները ստիպված են անգիր անել օրենքի այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ՝ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենայի վարորդն ի՞նչ փաստաթղթեր պետք է ունենա, կամ ինչքա՞ն է միջազգային վկայականի տրման ժամկետը։