copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 23:22 06-06-2026

Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանը դիմել է Արփինե Սարգսյանին.

«Հարգելի տիկին Սարգսյան, քանի՞ երեխա պետք է հայտնվի հիվանդանոցում, որպեսզի հասկանանք, որ սա արդեն ոչ թե առանձին դեպք է, այլ ահազանգ ամբողջ հասարակության համար։

Աշտարակի համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։

Ինձ մոտ առկա բժշկական եզրակացության համաձայն՝ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։

Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխան այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում և հիշողության կորստով։ Ընդ որում, բժիշկները փաստել են, որ երեխան առաջին ամգամ է օգըագործել։ Ենթադրվում է՝ քաղցրի միջոցով է փոխանցվել երեխային։

Տիկին Սարգսյան, Դուք ասում էիք՝ եթե կան փաստեր, ներկայացրեք։

Ահա փաստերը՝ 12-ամյա երեխան հիվանդանոցում է։

Բժշկական եզրակացությունը կա։

Այս պահին ինձ չի հետաքրքրում, թե ով է տնօրենը, ով է ուսուցիչը, կամ ինչպես եք մեղավորին փնտրելու։

Ինձ հետաքրքրում է միայն մեկ հարց․

Ո՞վ է պատասխան տալու այն բանի համար, որ 12-ամյա երեխան այսօր հիվանդանոցային մահճակալին է՝ ծանր վիճակում, հիշողության կորստով, իսկ նրա օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։

Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային։

Ո՞վ է խլել այդ ընտանիքի հանգիստն ու երեխայի առողջությունը։

Ո՞վ է պատասխան տալու ծնողների առաջ։

Եվ ամենակարևորը՝

Ո՞վ է երաշխավորելու, որ վաղը նույն ճակատագրին չի արժանանա մեկ այլ երեխա։

Խնդրում ու պահանջում եմ գործն անհապաղ վերցնել հատուկ վերահսկողության տակ, բացահայտել դեպքի բոլոր հանգամանքները, հայտնաբերել թմրամիջոցի աղբյուրը և օրենքի ամբողջ խստությամբ պատժել բոլոր մեղավորներին»։

Ամենից շատ դիտված