copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:10 10-07-2024

Խաչիկ Ստամբոլցյանի ուրվականը չի՞ հետապնդի Աննա Հակոբյանին

Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած հանգանակություններն ու իրականացրած բարեգործական միջոցառումները ոչ բոլորն են միանշանակ ողջունում։ Հանրության մի հատվածը դրան վերաբերում է վերապահումներով, նկատելով, որ հանգանակությունները որոշ դեպքերում պարտադրվում են։ Նվիրատուների մի մասը ոչ թե կամավոր, այլ ստիպված է գումար փոխանցում, որ չընկնի իշխանությունների հարվածի տակ։ Մի մասն էլ ակնկալում է, որ Աննա Հակոբյանի բարեգործական ծրագրերին մասնակցելով, կարող է ակնկալել Նիկոլ Փաշինյանի բարեհաճությունը, ստանալ արտոնություններ, ապահովագրվել հարկային մարմինների անսպասելի արշավանքներից և այլն։ Իսկ ինչպե՞ս էին ՀՀ նախկինների օրոք կազմակերպում այս խնդիրը։

Թերթելով պատմության էջերը, կարելի է առանձնացնել «Գթություն» բարեգործական ընկերության գործունեությունը։ Խաչիկ Ստամբոլցյանը նույնպես հանգանակություններ էր կազմակերպում։ Նա «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, հանրահավաքների ակտիվ մասնակից։ «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին մի քանի ամիս անցկացրել էր խորհրդային բանտերում։

«Գթություն» բարեգործականի միջոցով գումարներ էին հանգանակվում պատերազմից տուժածների և բազմաթիվ սոցիալական ծրագրերի համար։ Հայաստանում առաջին մերձքաղաքական բարեգործական ընկերությունն էր, որի անունը կապվում էր իշխող կուսակցության և վարվող քաղաքականության հետ։ Ստամբոլցյանի հեղինակությունը սկզբնական շրջանում մեծ էր։ Սակայն գնալով այն անկում ապրեց։ Շատերը ծաղրում էին նրան, չէին վստահում, ինչը բացասաբար էր ազդում բարեգործականի հանգանակությունների վրա։ Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշի անկումը ևս բացասաբար անդրադարձավ «Գթության» վրա։ Ի վերջո՝ Ստամբոլցյանը գժտվեց առաջին դեմքի հետ, որից հետո Ստամբոլցյանի բարեգործական կարիերան ավարտվեց։ Այդ գժտության հետ է կապվում նաև նրա վայր ընկնելու միջադեպը «Գթության» գրասենյակի պատշգամբից։ Տարիներ անց նա տեղի ունեցած միջադեպը համարել է դավադրություն իր դեմ։ «Անցքը բացել են, ես ընկել եմ: Դա մահափորձ է եղել իմ դեմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Էդ անցած էտապ ա, փխրեցրել են, ես կանգնել եմ»,- պատմել է Ստամբոլցյանը լրատվամիջոցներից մեկին:

Հետագայում բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ են զբաղվել մերձքաղաքական բարեգործությամբ։ Սակայն այն, ինչ տեղի է ունենում այսօր Աննա Հակոբյանի ղեկավարությամբ, յուրօրինակ է; Որոշ ուսումնասիրողներ համեմատության եզրեր են գտնում Խաչիկ Ստամբոլցյանի հետ, որը «Գթության» փաստացի փակումից հետո պայքարում էր միջազգային մութ ուժերի, միջազգային դավադրությունների դեմ։ Ենթադրելի է, որ մարդկանց փողերը կոնկրետ նպատակով հավաքելն ու դրանք այլ նպատակներին ծառայեցնելը բացասաբար էր ազդել Խաչիկ Ստամբոլցյանի աշխարհայացքի և պատկերացումների վրա։

Կասկած կա, թե մերձքաղաքական բարեգործականների հավաքած գումարները ուղղվում են ոչ միայն սոցիալական ծրագրերի, այլև քաղաքական թիմի կարիքների համար։ Օրինակ՝ ՀՀՇ-ն սկզբնական շրջանում օգտվում էր Խաչիկ Ստամբոլցյանի հավաքած փողերից։ Իսկ ՔՊ-ի հետ կապված կասկած կա, թե «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի շահառուները ընտրվում են Նիկոլ Փաշինյանի համակիրների, ընտրողների շարքերից։ Այսինքն՝ «Իմ քայլը» ծառայում է Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը։

Մտահոգիչ է նաև գործարարների վերաբերմունքը։ Նրանք թեև հրապարակավ չեն տրտնջում պարբերական վճարումներից, սակայն կասկածից վեր է, որ ընկերական հանդիպումներում բողոքում են, որ Աննա Հակոբյանը պարբերաբար փող է ուզում։ Նրանք, հավանաբար, վախենում են մերժել Փաշինյանի տիկնոջը։ Այդպիսի վախերը պատկերավոր դարձնելու համար նախկին մի քանի օլիգարխների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, նրանց ունեցվածքի մի մասը բռնագրավվել է։ Պարբերաբար հալածանքներ են կազմակերպվում դեռ ՀՀ-ում մնացած գործարարների նկատմամբ։ Այս ամենը ստեղծում է վախի մթնոլորտ։

Ի տարբերություն Աննա Հակոբյանի, Խաչիկ Ստամբոլցյանի գործունեության շրջանում այսպիսի վախի մութ մթնոլորտ չկար։ Բայց Խաչիկ Ստամբոլցյանն ի վերջո փոխեց հետաքրքրությունն ու ընկավ մութ ուժերի հետևից։ Այս առումով՝ մտահոգիչ է այն, որ օրեցօր շատանում են մարդիկ, որոնք այս երկուսին համեմատում են, ընդհանուր եզրեր գտնում։ Այնուամենայնիվ՝ թույլ լավատեսություն կա, որ հարկադրական հանգանակությունները բացասաբար չեն ազդի «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավարների վրա, և վերջիներս որոշ ժամանակ անց չեն պայքարի մութ ուժերի դեմ։ Պատկերավոր ասած՝ հույս կա, որ Խաչիկ Ստամբոլցյանի ուրվականը չի հետապնդի Աննա Հակոբյանին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել