Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը կանգնած է նոր մարտահրավերների առաջ։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, որն առաջին հայացքից կարող է զսպող կամ սահմանափակող թվալ տնտեսական ակտիվության համար, իրականում ունի հստակ կանխարգելիչ նշանակություն։
ԿԲ-ն գնում է այս քայլին այն պարագայում, երբ ներքին կամ արտաքին ազդակները հուշում են մոտակա ապագայում գների անխուսափելի աճի և տնտեսական հնարավոր խնդիրների մասին։ Երբ շուկայում իրավիճակը կայուն է, գլխավոր դրամատունը հակված է տոկոսադրույքը թողնել անփոփոխ կամ նույնիսկ իջեցնել այն՝ տնտեսությունը խթանելու համար։
Սակայն այսօր իրավիճակը փոխվել է։ Թե ինչ աշխարհաքաղաքական ու էներգետիկ ռիսկեր են թաքնված ԿԲ-ի այս որոշման հետևում, և ինչպիսին է իրական պատկերը, զրուցել ենք տնտեսագետ, մաթեմատիկական մոդելավորող Աղասի Թավադյանի հետ։
Տնտեսագետը հիշեցնում է, որ նախորդ փուլերում Կենտրոնական բանկը բավականին զգուշավոր էր և չէր շտապում կտրուկ քայլերի դիմել, նույնիսկ երբ թվերը մտահոգիչ էին։
«Նախորդ հանդիպմանը Կենտրոնական բանկն անփոփոխ էր թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, նույնիսկ այն պարագայում, երբ այն ժամանակ գնաճը բավականին բարձր էր։ Հիշեցնեմ, որ երկու ամիս առաջ տարեկան գնաճը մոտավորապես 5,6 տոկոսի շրջանակում էր, որն ավելի բարձր է, քան Կենտրոնական բանկի կողմից նախանշված պլյուս-մինուս 1 տոկոսային կետի ուղենիշը»,- նշում է Աղասի Թավադյանը։
Ըստ փորձագետի՝ այդ պահին ԿԲ-ն հստակ պատկերացնում էր իրավիճակի պատճառները և գիտեր, որ ցնցումը կարող է արագ անցնել։ Այժմ, սակայն, իրավիճակն արմատապես այլ է։
ԿԲ-ի այսօրվա գործողությունները թելադրված են ոչ թե ներքին կարճաժամկետ խնդիրներով, այլ գլոբալ տեղաշարժերով։ Աղասի Թավադյանի ձևակերպմամբ՝ քանի որ շատ աշխարհաքաղաքական փոփոխություններով գները բարձրանալու են Հայաստանի Հանրապետությունում, դրա համար ԿԲ-ն նախապես է բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
«Հիմնականում սա պայմանավորված է նրանով, որ էներգակիրների գները Հայաստանում բավականին բարձրացել են, հատկապես բենզինի և դիզվառելիքի գինն այս պահին, և կարելի է ակնկալել, որ մոտակա 6 ամիսների ընթացքում այդ գինը դեռևս բարձր է մնալու»,- ահազանգում է տնտեսագետը։
Նա շեշտում է, որ ներկայիս ցուցանիշները մտահոգիչ չափեր են ընդունել. «Այսօր դա աննախադեպ է Հայաստանի Հանրապետության համար։ Վերջին անգամ այսպիսի իրավիճակ 2022 թ․-ին էր, բայց այս պահին ավելի բարձր են, քան 2022 թ․-ին պիկային կետը»։
Էներգետիկ ճնշումները միայն վառելիքով չեն սահմանափակվում։
«Նաև որոշակի ակնկալիքներ կան, որ գազի գինն է բարձրանալու Հայաստանի Հանրապետությունում, որը բերելու է նաև էլեկտրաէներգիայի գնի բարձրացմանը, և այլ կարևոր նշանակություն ունեցող ապրանքների բարձրացման, որտեղ էներգակիրները հանդիսանում են այն ապրանքը, որից բեռնափոխադրողները և արտադրություն կազմակերպողները օգտվում են, և բոլորն են օգտվում»,- պարզաբանում է Աղասի Թավադյանը։
Կենտրոնական բանկի այս որոշումը սպառողների վրա անմիջապես և ուղղակիորեն չի ազդի, սակայն այն հստակ ազդակ է ապագա տնտեսական դժվարությունների մասին։ Աղասի Թավադյանի խոսքով՝ սա առաջին հերթին ԿԲ-ի կանխատեսումների արձագանքն է, որը հուշում է բացասական միտումների մասին։
«Ուղղակիորեն շարքային քաղաքացու գրպանին չի անդրադառնա, սակայն անուղղակիորեն սա արդեն իսկ Կենտրոնական բանկի ապագայի հանդեպ կանխատեսման արձագանք է, որը հուշում է, որ շարքային քաղաքացու գրպանին անդրադառնալու է բացասական այն առումով, որ գները թանկանալու միտում ունեն»,- ընդգծում է տնտեսագետը։
Փորձագետը նշում է, որ գնաճային որոշակի ալիք արդեն իսկ իրականություն է, ընդ որում՝ տնտեսության առանցքային հանգույցներում. «Հատկապես այս պահին ունենք արդեն վառելիքի թանկացում, որը ապահովում է բեռնափոխադրումը և գյուղատնտեսությունը, ինչպես նաև կարող է ակնկալվել գազի և այլ վառելիքների թանկացում»։
Սա նշանակում է, որ վառելիքի պատճառով սկսված գների բարձրացումն աստիճանաբար կտարածվի ամբողջ տնտեսությունով՝ ազդելով թե՛ տեղական մթերքի, թե՛ տրանսպորտային ծախսերի վրա։