Հրազդանի ցեմենտի գործարանի աղմկահարույց վաճառքի գործընթացը հասել է վճռորոշ կետի։
Oragir.News-ի տեղեկություններով՝ գործարար Նարեկ Նալբանդյանը սահմանված կարգով վճարել էր գործարքի կանխավճարը, սակայն մնացած ամբողջական գումարը փոխանցելու համար նախատեսված 10-օրյա ժամկետն այսօր սպառվել է։
Գործարանի համար պահանջվող վերջնական գումարն այդպես էլ չի վճարվել, ինչը նշանակում է, որ Նալբանդյանի թողած հսկայական կանխավճարը կարող է պարզապես կորչել։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ բանկերը վերջին պահին կտրուկ հրաժարվել են ֆինանսավորել գործարարին, ինչի ֆոնին խոսվում է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքական կամ իրավական ճնշումների մասին։
Ստեղծված իրավիճակի և կանխավճարի ճակատագրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով
Oragir.News-ը կապ հաստատեց Սնանկության գործերով կառավարիչ Արամ Խաչատրյանի հետ։
«Սա դատական գործընթաց է, որի վերաբերյալ որևէ տեղեկատվություն տրամադրել չենք կարող»,- մեր հարցին պատասխանեց Խաչատրյանը։
Կառավարիչը հավելեց, որ մամուլում տարածված տեղեկությունները ևս հերյուրանք են, իր կողմից ոչ մի ինֆորմացիա չի տրամադրվել, ինչի վերաբերյալ ինքն արդեն հերքում է պահանջել հեղինակներից։