Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 13:00 16-09-2026

Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

ՀՀ-ում ռուսական բազան դուրս բերելու թեման զարգացում է ստանում։ Մի քանի օր առաջ Պուտինը բազան դուրս բերելու պատրաստակամություն էր հայտնել։ Իսկ սեպտեմբերի 15-ին ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն է ասել. «Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ որևէ դիմում չենք ստացել»։

Այսպիսով՝ ՌԴ-ն կարծես խնդրում է ՀՀ իշխանություններին՝ մի դիմում գրեն, որ ռուսներն էլ այդ հիմքով բազան դուրս բերեն Հայաստանից։

Թվում է, թե անկախության ու ժողովրդավարության ջատագով ՀՀ իշխանությունները գործընկերաբար կարձագանքեին այս ակնարկին, մի դիմում կգրեին և ուղարկեին Մոսկվա։ Բայց՝ ոչ։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն է լրագրողների հետ զրույցում անդրադարձել է թեմային։ «Տեսա մի ռուս պաշտոնյայի մեկնաբանությունն այն մասին, որ Հայաստանը 102-րդ ռազմաբազան դուրս բերելու դիմում չի ներկայացրել։ Դուք ամբողջ ինֆորմացիան գիտեք. վարչապետն ասել է, որ ռազմաբազա ունենալու կենսական անհրաժեշտություն չկա»,- ասել է Միրզոյանը, կարծես ակնարկելով, թե Մոսկվան Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը կարող է ընդունել որպես բազան դուրս բերելու մասին դիմում։

ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանն էլ է սեպտեմբերի 15-ին անդրադարձել այս թեմային։ «Եթե իրենք ուզում են հանել ռազմաբազան, պետք է հայտարարեն այդ մասին. եթե չեն ուզում հանել, դա էլ է քննարկման հարց, կքննարկենք», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա, ապա հավելել, որ երբ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա տեղի է ունեցել ռազմական ագրեսիա, ռուսական ռազմաբազան չի արձագանքել։- «Այսինքն՝ կա նախադեպ, որ ագրեսիայի ժամանակ ռազմաբազան, եղած՝ չեղած, տարբերություն չենք զգացել»։

Այսպիսով՝ Պուտինը պատրաստ է բազան դուրս բերել հենց վաղը, Գալուզինը Հայաստանից դիմում է ակնկալում, Փաշինյանը բազայի մնալու կենսական անհրաժեշտություն չի տեսնում, Վահագն Ալեքսանյանն էլ այն համարում է «եղած՝ չեղած»։ Համադրելով այս հայտարարությունները, կարելի է եզրակացնել՝ և՛ ռուսները, և՛ հայերը դեմ չեն, որ ռուսական ռազմաբազան դուրս գա Հայաստանից։ Այսինքն՝ դուրս բերման հարցը սկզբունքորեն լուծված է։ Մնում է պարզել, թե ո՞վ է վճարելու տեղափոխման ծախսերը։

Ազնիվ կլինի, եթե ռուսական կողմն իր միջոցներով դուրս գա, քանի որ 31 տարի Հայաստանն է պահել այդ բազան։ Դուրս գալն էլ թող ռուսներն իրենց հաշվին անեն։ Եթե Մոսկվան ուզում է դուրս գալ, ապա թող իր հաշվին էլ դուրս գա։ Նկատենք նաև, որ ՌԴ-ն պատերազմի մեջ է, զինվորի խիստ կարիք կա այդ երկրում։ Այսինքն՝ ՌԴ-ն ռեալ շահագրգռված է բազան հանելով։ Հետևաբար՝ ինքն էլ թող տեղափոխման ծախսերը փակի։

Մյուս կողմից՝ ռուսական բազայի դուրս գալով ՀՀ ինքնիշխանության աստիճանն ու միջազգային հեղինակությունն էապես կբարձրանա։ Ժողովրդավարական երկրները կսկսեն հարգել Հայաստանն ու ժողովրդին։ Այս դրական առաջընթացը նկատի ունենալով, տրամաբանական է, որ ՀՀ իշխանություններն իրենց վրա պիտի վերցնեն բազան դուրս հանելու ծախսերը։ Հայաստանը տարեկան մոտ 50-100 մլն դոլար է ծախսում բազան պահելու վրա։ Ենթադրաբար՝ կարող է մի քանի մլն էլ ծախսել այն դուրս բերելու վրա։

Սակայն հայ և ռուս պաշտոնյաների փոխադարձ հայտարարությունները վկայում են, որ ո՛չ ՀՀ-ն, ո՛չ ՌԴ-ն չեն ուզում բազայի դուրս բերման ծախսերը հոգալ։ Եթե այդպես է, ապա կարող են հայտարարել միջազգային մրցույթ, ստանալ հայտեր և ընտրել։ Հավանաբար՝ աշխարհում կգտնվեն շահագրգիռ անձինք, որոնք իրենց գրպանից կվճարեն ՀՀ-ից ռուսական բազան հանելու ծախսը։ Օրինակ՝ հարևան Վրաստանից ռուսական բազան դուրս հանելու ժամանակ ծախսերի մի մասը ծածկվել է Արևմուտքի հատկացրած միջոցներով։ Նույնը կարող են հիմա անել։

Կարճ ասած՝ բազայի դուրս բերման վերաբերյալ ցանկացած հարցի լուծման մի քանի տարբերակներ կան։ Չկա միայն ՀՀ իշխանության քաղաքական կամքը և ուղիղ ցանկությունը։ Օրինակ՝ «Զվարթնոցից» ռուսներին դուրս հրավիրելու մասին շատ ուղիղ ասվեց ու ժամկետ էլ նշվեց։ «Զվարթնոցում» ռուս զինծառայող չկա։ Նույնկերպ պետք է բազան դուրս հրավիրվի։ Քանի դեռ ՀՀ իշխանությունն այս հարցում վճռականություն չի դրսևորում, ռուսական բազան կմնա ՀՀ-ում՝ ստեղծելով անվտանգային ռիսկեր և՛ երկրի ներսում, և՛ տարածաշրջանում։


Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
17:54 Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է