ԱԺ-ում ընդդիմության գործունեության, իշխանության հասցեին քննադատությունների և ընդդիմության՝ խորհրդարանում արտահայտվելու անհրաժեշտության մասին
Oragir.News-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում։
Հարցման մասնակիցները տարբեր տեսակետներ են հայտնել՝ նշելով, որ ընդդիմությունը պետք է բարձրաձայնի իշխանության սխալների մասին, սակայն միաժամանակ առաջնորդվի պետական և ազգային շահերով։
Քաղաքացիներից մեկը նշեց, որ ընդդիմության հիմնական գործառույթներից է իշխանության գործունեությունը քննադատելը, սակայն դա պետք է արվի օբյեկտիվորեն։
«Ընդդիմության գործը պետք է լինի՝ ասելն այն, ինչ մտածում է իշխանության մասին։ Բայց պետք է օբյեկտիվ լինի։ Օբյեկտիվությունը շատ կարևոր է։ Եթե կառավարությունն ասում է՝ ամառ է, ընդդիմությունն էլ չպետք է պարզապես ասի՝ չէ, ձմեռ է։ Այդպես ընդդիմություն չի լինում»,- ասաց քաղաքացին։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է նաև հաշվի առնի պետական և ազգային շահերը։
«Պետական շահը, ազգային շահը պետք է գերակայի բոլորի համար։ Ամեն բան չէ, որ մտածում ես, պետք է արտահայտես»,- նշեց նա։
Մեկ այլ քաղաքացի, սակայն, կարծիք հայտնեց, որ ներկայիս ընդդիմության գործունեությունն արդյունավետ չէ, և ավելի կոշտ քայլերի անհրաժեշտություն կա։
«Այսքան ժամանակ ո՞վ է ընդդիմությանը լսել։ Այդ քայլերով ոչ մեկը ոչ մի բանի չի հասնի։ Ինձ թվում է՝ ավելի ռադիկալ բաներ են պետք, որովհետև այս իշխանությունն արդեն իրեն սպառել է՝ լրիվ, շուտվանից՝ 2018 թվականից»,- ասաց նա։
Մեկ այլ հարցված, անդրադառնալով խորհրդարանում ընդդիմության կողմից իշխանությանը քննադատելու անհրաժեշտությանը, նշեց, որ ասելիքը շատ է, սակայն հասարակության շրջանում ընդդիմության ազդեցության նկատմամբ վստահությունը ցածր է։
«Այնքան բան կա ասելու, շատ բան կա ասելու, ուղղակի մեր ասածն ի՞նչ օգուտ ունի։ Ոչ մեկի կողմից չեմ՝ ոչ ընդդիմության, ոչ այնտեղ, ոչ այնտեղ»,- ասաց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։