copy image url
Ներքին 45 րոպե առաջ - 23:35 18-08-2026

Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին

Երեկ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Գյումրիում իշխանափոխություն անցկացնելու հայտարարություններին, ասել է․

«Վարչապետի հայտարարությունը ուժի մեջ է, և մեզ համար քաղաքական մեծ կարևորություն կա Գյումրիի հետ կապված, և մենք ցանկացած հաջորդ պահի պատրաստվում ենք Գյումրիում ընտրություններով քաղաքային իշխանությունը վերցնել, որովհետև այն բարձրացրած խնդիրները, որոնց մասին ասացինք, դրանց զգալի մասը կապված է նաև համայնքային իշխանությունների՝ կառավարության հետ ոչ համակարգված աշխատանքի հետ»։

Դավիթ Խուդաթյանի հայտարարություններին անդրադարձել է Գյումրիի ավագանու իշխող Կոմկուսի ղեկավար Լուսինե Անանյանը։

«Իրենք, որ այդքան ասում են՝ ճգնաժամ, ընդհանրապես ճգնաժամ չկա։ Իրենք են փորձում արհեստական ճգնաժամ ստեղծել և խոչընդոտել մեր աշխատանքը։ Քաղաքապետարանը բնականոն հունով աշխատում է։ Ի սկզբանե իրենք ընտրություններից հետո ուզում են ամեն ինչ տապալել։ Մենք ուժեղ ենք, ամուր և կայուն։ Բոլորիս համար էլ պարզ է, որ պայքար լինելու է, կալանավորումները, ձերբակալությունները էլ չեն զարմացնում։ Վարդան Ղուկասյանին կալանավորելուց հետո մեզ համար սպասելի էր, որ էլի են լինելու կալանավորումներ։ Սպասելի է, բայց մենք պայքարելու ենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասել է Լուսինե Անանյանը։

Գյումրիի ավագանու Կոմունիստական կուսակցության ղեկավարի խոսքով՝ ՔՊ-ն իր այս գործողություններն անում է ի վնաս քաղաքի, ի վնաս գյումրեցու։

«Այս մարդիկ ամեն ինչ անում են, որ քաղաքը ենթարկեն կոլապսի։

Մեր թիմում չկան ավագանիներ, ովքեր խոցելի են, որ էդպես ճնշեն։ Մեր վստահությունը այդտեղ է, բայց եթե ուզեն խոցելի դարձնել, ապա կդարձնեն։ Ամեն լծակ իրենց ձեռքում է, բայց մենք էլ ձեռքերս ծալած չենք նստի։ Մենք էլ պայքարելու ենք, չենք կոտրվելու»։

Անանյանն անդրադառնալով քաղաքային և կենտրոնական իշխանությունների միջև համագործակցությանը՝ ասել է․

«Վարդան Ղուկասյանը, երբ մուտք գործեց քաղաքապետարան, ընդհանրապես տրամադրվածություն չի ունեցել չհամագործակցել կառավարության հետ։ Գյումրիի քաղաքապետարանում բաժնի պետեր կան ՔՊ-ից, սուտ է, որ իրենք պաշտոններ չեն զբաղեցնում։ Մենք ի սկզբանե չենք ունեցել միտում չհամագործակցել կառավարության հետ, դա եղել է իրենց ցանկությունը»։

Ձեզ գուցե հետաքրքրի