copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 20:18 05-08-2026

Սիրիայի ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Շեյբանին օգոստոսի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, Գազայում տիրող իրավիճակը, երկկողմ հարաբերությունների ինստիտուցիոնալացումն ու տարածաշրջանային անվտանգությունը:

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրների փոխանցմամբ՝ Հաքան Ֆիդանի և Շեյբանիի հանդիպմանը համապարփակ անդրադարձ կկատարվի Սիրիայում մշտական կայունության և անվտանգության հաստատմանն ուղղված քայլերին:

Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ հանդիպմանը կընդգծվի ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի կարողությունների զարգացումը, ինչպես նաև կվերահաստատվի Թուրքիայի վճռականությունը՝ այս ոլորտում Սիրիայի հետ համակարգվածությունը խորացնելու հարցում: Բացի այդ, օրակարգային կարևոր հարցերից է լինելու Սիրիայի հյուսիսարևելյան հատվածի ինտեգրումը կենտրոնական ղեկավարության ներքո:

Բանակցությունների օրակարգում առանցքային տեղ են զբաղեցնելու Իսրայելի գործողությունները: Նշվում է, որ ընդգծվելու է «Սիրիայի կայունությունը խաթարող» Իսրայելի քայլերի անընդունելի լինելը, ինչպես նաև նշվելու է Գազայում հարձակումների շուտափույթ դադարեցման և Լիբանանում իսրայելական «օկուպացիայի» ավարտի կարևորությունը տարածաշրջանային անվտանգության համար:

Ակնկալվում է, որ նախարար Ֆիդանը սիրիացի գործընկերոջը կներկայացնի նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հաստատման, Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնման և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնություններին Թուրքիայի աջակցությունը:

Աղբյուրում ի հավելում նշվում է, որ 2024-ի դեկտեմբերից ի վեր տնտեսության, անվտանգության և հասարակական համերաշխության ոլորտներում արձանագրված առաջընթացի գնահատման հետ մեկտեղ Թուրքիան նպատակ ունի Սիրիայի հետ համագործակցությունը դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա:

Սիրիայի ժողովրդական ժողովի աշխատանքների մեկնարկին զուգահեռ կդիտարկվի հարաբերություններին խորհրդարանական ձևաչափ հաղորդելու և առաջիկա բարձրաստիճան փոխայցելությունները ծրագրելու հարցը:

Աղբյուր՝ Ermenihaber