Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում հուլիսի 19-29-ն ընթանում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը՝ որպես առաջին անգամ կոմիտեի անդամ ընտրված երկիր: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանի պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և ազգային 5 փորձագետ: Պատվիրակությունը գլխավորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:
Հայաստանի կողմից ներկայացված «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» նոր հայտը հաստատվել է Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Հայտը պատրաստվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի և «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության միջև ավելի վաղ ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա՝ «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ։ Սա պետություն-մասնավոր համագործակցության ևս մեկ հաջողված օրինակ է:
Ինչպես նոր գրանցված հայտը, այնպես էլ նախորդ տարիներին գրանցված բոլոր հայտերը հասանելի են ՅՈՒՆԵՍԿՕ-ի
կայքում։
Այսպիսով՝ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 1995 թվականին գրանցված 4 հայտերին վերջին 3 տարիների հետևողական աշխատանքի արդյունքում ավելացնում է ևս 4-ը: