«Հայաստանի Հանրապետությունը այլևս չի կառավարվում որևէ օրենքով, այլ բռնապետություն է»,– լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին և վերահաշվարկների գործընթացին։
Աղեկյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները մասնակցում են վերահաշվարկներին, սակայն ինքը որևէ ակնկալիք չունի, որ դրանց արդյունքում իրավիճակը կփոխվի։
«Ինչ վերաբերում է վերահաշվարկներին, ինքս ներկա եմ եղել թիվ 8 ընտրատարածքի բոլոր 63 ընտրատեղամասերի վերահաշվարկներին։ Ասեմ ձեզ, որ որևէ հույս դրա վերաբերյալ չունեմ»,– նշել է նա։
Նրա պնդմամբ՝ ընտրախախտումները տեղի են ունեցել դեռ մինչև ընտրողների ընտրատեղամասեր այցելելը։
«Ընտրողները մասսայաբար եկել են վախեցած։ Բոլորին հրահանգված է եղել, որ եթե տվյալ ընտրատեղամասում բավարար ձայներ չլինեն, կարող են աշխատանքը կորցնել։ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները մասսայաբար խախտվել են»,– հայտարարել է Աղեկյանը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ որոշ ուժեր փորձում են կանխել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքը խորհրդարան։
«Փորձում են կանխել «Բարգավաճ Հայաստանի» մուտքը խորհրդարան, որպեսզի հնարավորություն ունենան իրականացնելու իրենց սահմանադրական փոփոխությունները»,– ասել է նա։
Աղեկյանի գնահատմամբ՝ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, որոնց մի մասը հնարավոր է եղել գրանցել, իսկ մի մասը՝ ոչ։
«Նման խայտառակ ընտրություններ Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետությունում չեն եղել»,– եզրափակել է նա։