Գյումրիի Չարենցի փողոցում «մառախուղը» կարծես երբեք չի ցրվում։ Միայն թե այստեղ պատճառը եղանակը չէ․ փողոցը պատած փոշին գալիս է քանդված ճանապարհից։
Առավոտյան ժամերին, երբ երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում, իսկ քաղաքացիները՝ աշխատանքի, Չարենցի փողոցում օդը լցվում է փոշով։
Մեքենաների յուրաքանչյուր անցուդարձ նոր փոշու ամպ է բարձրացնում՝ դժվարացնելով տեսանելիությունն ու փողոցով անցնելը։ Սա այն փողոցն է, որտեղ կան երկու դպրոց, մեկ մանկապարտեզ, խանութներ ու բնակելի շենքեր։
Այսինքն՝ ճանապարհի վիճակը միայն վարորդների կամ շինարարական աշխատանքների անհարմարությունը չէ․ դրա հետևանքներն ամեն օր զգում են այստեղ ապրող ու տեղաշարժվող մարդիկ։
Քաղաքում ճանապարհաշինական աշխատանքների ավարտին սպասելիս բնակիչները ստիպված են հարմարվել փոշուն, փոսերին ու քանդված ճանապարհին։ Իսկ երբ աշխատանքների ավարտը դեռ սպասվող հեռանկար է, փոշին դառնում է արդեն առօրյա կյանքի մի մասը։ Հատկապես անհասկանալի է, որ այս վիճակում է գտնվում փողոց, որտեղ ամեն օր երեխաների մեծ հոսք կա։
Առավոտյան դպրոց կամ մանկապարտեզ հասնելու համար նրանք ստիպված են անցնել փոշոտ ճանապարհով։ Գյումրիի Չարենցի փողոցում «մառախուղը» չի անցնում։ Այն կանցնի միայն այն ժամանակ, երբ վերջապես ճանապարհը վերականգնվի։
Մանրամասները՝ տեսանյութում։