copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 14:38 11-02-2026

Մարզպետարանը հրաժարվել է միջամտել՝ մեր բողոքը որակելով ուղղորդված․ Ախթալայում գործադուլը շարունակվում է

«Ես երեկ եմ ուղարկել վերջին գրությունը, նշելով, որ բանակցություններից խուսափելու իրավունք չունեն։ Ասել ենք՝ կա՛մ բավարարեք աշխատողների պահանջները, կա՛մ եկեք հանձնաժողով ստեղծենք և կոլեկտիվ պայմանագրի շրջանակում լուծումները գրավոր ամրագրենք։ Բայց հիմա տարածում են, թե իբր իրենք առաջարկում են հանձնաժողով ստեղծել, իսկ աշխատողները չեն համաձայնվում։ Դա իրականությանը չի համապատասխանում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Էդուարդ Փահլևանյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատողների պահանջների շուրջ բանակցություններից խուսափելու համար գործատու կողմը, ըստ իրենց, բավարար հիմքեր չունի, և արհմիությունը պաշտոնական գրությամբ առաջարկել է ստեղծել բանակցային հանձնաժողով։

Փահլևանյանի փոխանցմամբ՝ միջնորդության հարցով դիմել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ սկզբում համաձայնել են ներգրավվել որպես միջնորդ, սակայն հետագայում, նրա խոսքով, գործընթացը փոխանցվել է մարզպետարանին, որն էլ հրաժարվել է միջամտել՝ այն որակելով «ուղղորդված գործադուլ»։ Արհմիության նախագահը այդ գնահատականը անհասկանալի և անհիմն է համարում։

«Նախարարությանը դիմել էինք, ասել էին՝ կմիջամտենք որպես միջնորդ, բայց հետո ասացին՝ հարցով զբաղվելու է մարզպետարանը։ Մարզպետարանն էլ հրաժարվեց՝ նշելով, թե ուղղորդված գործադուլ է։ Թե ում կողմից է ուղղորդված՝ մեզ համար անհասկանալի է։ Փաստացի հիմա մնացել ենք առանց միջնորդ կառույցի»,- ասաց նա։

Նա նաև տեղեկացրեց, որ տեսչական մարմինն արդեն սկսել է ստուգումներ իրականացնել, հանդիպումներ է ունեցել աշխատողների հետ, ընդունել նրանց գրավոր պահանջները։ Արդյունքները, ըստ Փահլևանյանի, անմիջապես հայտնի չեն լինի, քանի որ ուսումնասիրությունը ժամանակ է պահանջում։

Արհմիության նախագահը շեշտեց, որ շրջանառվող տեղեկությունները, թե աշխատողները պահանջում են փակել հանքը, չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ պահանջները վերաբերում են աշխատանքային պայմանների, անվտանգության, առողջության պահպանման և աշխատավարձի վերանայման հարցերին։

«Մենք հանքը փակելու պահանջ չենք դնում։ Պահանջում ենք, որ բարելավվեն անվտանգության և առողջության պայմանները, ինչը գործատուի պարտավորությունն է, և վերանայվեն աշխատավարձերը՝ լրացուցիչ աշխատանքի դիմաց համապատասխան վճարմամբ։ Եթե գործատուն ասում է, որ որոշակի գումար է անհրաժեշտ աշխատավարձերի բարձրացման համար, ապա եկեք՝ դա ամրագրենք կոլեկտիվ պայմանագրով, որ աշխատողների համար երաշխիք լինի»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից