Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։
Այս թեմայով Oragir.news-ը զրուցեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ։ Վերջինս նշեց, որ որևէ լուրջ սպասելիք չունի այս այցից՝ այն համարելով Փաշինյանի բազմավեկտոր այցերի շարունակություն։
Հարցին, թե որքանով է հավանական, որ Հայաստանը Չինաստանից զենք ստանա, Հակոբյանը պատասխանեց․
«Պայմանավորվածություն տեսականորեն հնարավոր է, սակայն շատ քիչ հավանական։ Հայաստանը ներկայում ձևականորեն համագործակցում է Չինաստանի հետ, բայց իրականում շարունակում է մնալ Ռուսաստանի ավանդական ազդեցության ոլորտում։ Չինաստանը չի ցանկանա այդ ուղղությամբ լարվածություն ստեղծել։ Իմ կարծիքով, այս այցը մեծ նշանակություն չունի․ այն ավելի շատ կապված է Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթերի և հարաբերությունների ձևական կարգավորման հետ»։
Ինչ վերաբերում է հավանականությանը, որ հայ-ադրբեջանական սահմանին կանգնած ԵՄ դիտորդներին կարողանան փոխարինել չինացի ուժերը, ռազմական փորձագետը ընդգծեց․
«Դա միանգամայն անհնար է։ Թեև տեսականորեն կարելի է ամեն ինչ պատկերացնել, բայց այս պարագայում բացառվում է։ Ոչ մի պետություն չի կարող միաժամանակ ռազմավարական գործընկերություն ունենալ և՛ ԱՄՆ-ի, և՛ Չինաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ Հնդկաստանի հետ, քանի որ շահերի բախումը և փոխադարձ բացառումները անխուսափելի են»։