copy image url
Ներքին Խոսք 4 ժամ առաջ - 20:00 13-07-2026

Չոր ծառը եղել է սեփականաշնորհված տարածքում, որտեղ քաղաքապետարանը գործառույթ չունի․ Արմեն Բեգոյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Մեր տվյալներով՝ դեպքի վայրում գտնվող ծառը եղել է սեփականաշնորհված տարածքում, որտեղ քաղաքապետարանը որևէ գործառույթ չունի»,- Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով հուլիսի 11-ին Երևանի Աշտարակի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության հարակից տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքին, ասաց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին հաստաբուն ծառը տապալվել էր և ընկել մոպեդի վրա, ինչի հետևանքով օտարերկրացի վարորդը մահացել էր։ Դեպքից հետո հանրային քննարկումների առիթ էր դարձել այն հարցը, թե արդյոք ողբերգությունը հնարավոր էր կանխել, և արդյոք քաղաքապետարանը տեղյակ էր ծառի վտանգավոր վիճակի մասին։

Անդրադառնալով այդ հարցին՝ Բեգոյանը նշեց, որ խոսքը քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող տարածքի մասին չէ։

«Քաղաքապետարանը տվյալ տարածքում գործառույթ չի ունեցել։ Դա սեփականաշնորհված տարածք է, և այդ առումով մեր լիազորությունները սահմանափակ են»,- ասաց նա։

Մեկնաբանելով տարածված տեղեկությունները, թե իր ղեկավարած կառույցը նախկինում փորձել է հեռացնել հենց այդ ծառը, սակայն խոչընդոտների է հանդիպել, Բեգոյանը նշեց, որ չի կարող հաստատել, թե խոսքը հենց այդ ծառի մասին է, սակայն ընդգծեց, որ տվյալ հատվածում նախկինում ծառահատումների փորձեր եղել են։

«Չեմ կարող ասել՝ հենց այդ ծառն է եղել, թե ոչ, բայց այդ տեղանքում մենք փորձել ենք ծառահատումներ իրականացնել, եղել են խոչընդոտներ, եղել են մանիպուլյացիաներ։ Կարծում եմ՝ խոսքը վերաբերում է ընդհանուր ծառահատումների խոչընդոտման դեպքերին»,- ասաց նա։

Բեգոյանի խոսքով՝ Երևանում կան ծառատեսակներ, որոնք վաղուց սպառել են իրենց կենսունակությունը և վտանգ են ներկայացնում քաղաքացիների անվտանգության համար։

«Երևանի կանաչ ֆոնդում առկա առնվազն երկու ծառատեսակ՝ թեղիներն ու բարդիները, արդեն մոտեցել են կենսունակության ավարտին և ենթակա են փոխարինման։ Դրանք տնկվել են դեռևս խորհրդային տարիներին՝ որպես ժամանակավոր լուծում, մինչդեռ այսօր դարձել են վտանգավոր»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ միայն այս տարվա ընթացքում մայրաքաղաքում տասնյակ ծառեր են տապալվել։

«Շաբաթներ առաջ ընդամենը թեթև քամուց Երևանում տասից ավելի ծառ է տապալվել։ Եթե այդ պահին դրանց տակ մարդիկ չեն եղել, դա չի նշանակում, որ վտանգ չկար։ Ցավոք, այս անգամ ողբերգություն տեղի ունեցավ»,- ասաց Բեգոյանը։

ՀՈԱԿ-ի տնօրենը նաև դիմեց քաղաքացիներին՝ կոչ անելով չխոչընդոտել մասնագիտական եզրակացությունների հիման վրա իրականացվող ծառահատումները։

«Եթե քաղաքապետարանի համապատասխան ծառայությունը որոշել է, որ ծառը ենթակա է անհապաղ հատման, ապա դա արվում է ոչ թե կամայականորեն, այլ մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով։ Խնդրում եմ չտրվել մանիպուլյացիաներին և չխոչընդոտել այդ աշխատանքներին»,- նշեց նա։

Բեգոյանի խոսքով՝ հատվող ծառերի փոխարեն իրականացվում են նոր տնկումներ։

«Եթե խոսքը փողոցային ծառերի մասին է, ապա դրանք անմիջապես փոխարինվում են նոր տնկիներով։ Այգիներում և պուրակներում ևս հատվող ծառերի փոխարեն տնկվում են ավելի արժեքավոր և երկար կյանք ունեցող ծառատեսակներ»,- ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ ներկայում Երևանում կան հարյուրավոր վտանգավոր ծառեր, որոնց փոխարինման գործընթացը շարունակվում է՝ ըստ առաջնահերթության և առկա ռեսուրսների։

«Մենք որևէ շահագրգռվածություն չունենք առողջ ծառեր հատելու։ Ընդհակառակը՝ տարիներ շարունակ Երևանում տնկել ենք տասնյակ հազարավոր նոր ծառեր։ Մեր նպատակը քաղաքացիների անվտանգությունն ու քաղաքի կանաչ ֆոնդի առողջացումն է»,- եզրափակեց Արմեն Բեգոյանը։

Բեգոյանը նաև պարզաբանեց, թե ինչու են քաղաքապետարանի աշխատակիցները միջամտել դեպքից հետո՝ չնայած տարածքը մասնավոր սեփականություն է եղել։ Նրա խոսքով՝ ծառը տապալվել էր ու ընկել ճանապարհի վրա, ինչի հետևանքով անհրաժեշտություն էր առաջացել ապահովել երթևեկությունն ու անվտանգությունը։

«Ծառի մի մասը տապալվել էր, ճանապարհը փակվել էր, և անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք ամբողջությամբ հատեցինք այն։ Այդ գործողությունն իրականացվել է ճանապարհը բացելու և հետագա վտանգը կանխելու նպատակով»,- ասաց նա:

Oragir.News-ը դիմել է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանին՝ պարզելու՝ արդյոք դեպքի առնչությամբ նախաձեռնվե՞լ է վարույթ, ինչպես նաև՝ պարզվե՞լ են արդյոք հնարավոր պատասխանատու կառույցները։

«Կա նախաձեռնություն, նախաձեռնություն է կատարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է ներգրավվածություններին՝ թե որ կառույցներն են պատասխանատու, դեռ նախաքննություն է իրականացվում, այս պահին այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- ասաց Կիմա Ավդալյանը։


Ամենից շատ դիտված

15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
13:30 Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
09:00 300 դպրոցների առեղծվածը․ 9 մլրդ՝ դպրոցների կառուցմանը, 18 մլրդ՝ սեյսմիկ անվտանգությանը
19:00 Ինչու են ԿԸՀ-ից եկամուտ ստացել ԿԸՀ փոխնախագահի դուստրերը. պարզաբանում
17:11 Գեղարքունիքում BMW-ի ու Toyota-ի վթարի հետևանքով 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով
20:00 Չոր ծառը եղել է սեփականաշնորհված տարածքում, որտեղ քաղաքապետարանը գործառույթ չունի․ Արմեն Բեգոյան
10:24 Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ