copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:07 06-07-2025

Այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտահրավերային է, քան տղամարդկանցը․ ՄԻՊ

Առաջնորդությունը պաշտոն կամ տիտղոս չէ, այլ կենսակերպ է. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 5-ին «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Կանանց առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը հանդես է եկել հիմնական ելույթով:

Դիլիջանում անցկացված միջոցառման նպատակն էր բարելավել երիտասարդ կանանց և աղջիկների ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում։ Մասնակցել է Շիրակի մարզից 25 կին:

Իր խոսքում Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնորդության գաղափարին, կին առաջնորդների համար առկա մարտահրավերներին, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման բնագավառում առկա խնդիրներին։

«Առաջնորդությունը տիտղոս կամ պաշտոն չէ, այլ կենսակերպ է՝ համախմբելու, ոգեշնչելու մարդկանց` հասնելու հանրային կյանքում որևէ դրական փոփոխություն կատարելու ընդհանուր նպատակի: Այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտահրավերային է, քան՝ տղամարդկանցը։ Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։ Միևնույն ժամանակ, եթե ընտրել եք ինչ-որ ճանապարհ թե՛ ձեր, թե՛ մարդկանց կյանքում փոփոխություններ կատարելու համար՝ երբեք չընկճվեք այս բոլոր մարտահրավերներից»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Անահիտ Մանասյանը շեշտել է, որ առաջնորդությունը պաշտոն կամ տիտղոս չէ, այլ կենսակերպ է` անդրադառնալով նաև իր փորձին ու անցած ճանապարհին:

«Կենսափորձիս հետևանքով համոզվել եմ, որ անախորժությունների դեմ պայքարելու փոխարեն դրանք պարզապես պետք է ընդունել որպես հնարավորություն, քանզի կյանքի ամենալուրջ անախորժությունները բացահայտում են կյանքի ամենամեծ հնարավորությունները: Ավելին, երբևէ պետք չէ կառչել որևէ գործընթացի արդյունքներից, այլ անհրաժեշտ է վայելել կյանքի յուրաքանչյուր ակնթարթը: Կարևոր է գիտակցել, որ ամենաչնչին քայլն անգամ ամենահամարձակ մտադրությունից վստահաբար ավելին է: Ուստի, մենք ինքներս պետք է դառնանք այն փոփոխությունը, որն ուզում ենք աշխարհում տեսնել` ձերբազատվելով այն մտացածին պատկերացումից, որ որևէ մեկը մեր փոխարեն այդ փոփոխությունները կարող է իրականացնել: Վստահ եմ նաև, որ յուրաքանչյուրն իր համար պետք է գտնի կյանքի այնպիսի բանաձև, որն իրեն իրապես ներդաշնակ կդարձնի»,- ամփոփելով ասել է Անահիտ Մանասյանը:

Պաշտպանը եզրափակել է` ընդգծելով, որ քիչ բան կարող է այդչափ ոգեշնչել և ավելի շատ եռանդ հաղորդել մարդուն, քան մարդկանց կյանքում փոփոխություն կատարելու ձգտումը:

Հանդիպումը կրել է ինտերակտիվ բնույթ. մասնակիցները ներկայացրել են առաջնորդության վերաբերյալ իրենց պատկերացումները, ինչպես նաև հարցեր ուղղել Պաշտպանին։

Քննարկումը կազմակերպել է «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը՝ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ