«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը.
Նիկոլ Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում, որով նա պարբերաբար հպարտանում է՝ հայտարարելով, թե սահմանին զինվորներ չեն զոհվում, ցավով եմ արձանագրում, որ ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը։
Երեկ կրկին գույժ ստացանք. մահացել է զինծառայող։ Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն ու վարկածները սահմռկեցուցիչ են։ Նշվում է, որ հնարավոր է՝ նրան դաժան ծեծի են ենթարկել՝ հասցնելով ինքնասպանության։ Բնավ հակված չեմ վարկածներով առաջնորդվել, բայց որ նման դեպքերի վիճակագրությունը մտածելու տեղիք է տալիս՝ ակնհայտ է։
Նայեք այս լուսավոր երիտասարդին։ Ի՞նչը կարող էր նրան կյանքից զրկելու պատճառ դառնալ։ Գրքերի ֆոնին լուսանկարված այս տղային ծնողներն ի՞նչ երազանքներով ու հույսերով են բանակ ճանապարհել և ի՞նչ են ստանում դրա փոխարեն։
Մի՛ ասեք, թե բանակում նման դեպքերն անխուսափելի են։ Չի՛ կարելի նման մտքի հետ հաշտվել։ Անթույլատրելի է, որ այսքան կորուստներից հետո մենք դեռ շարունակում ենք խաղաղ պայմաններում կորցնել մեր երիտասարդներին։
Որտե՞ղ է սպայական կազմի պատասխանատվությունը։ Ինչպե՞ս է ստացվում, որ 18-20 տարեկան երիտասարդների միջավայրում բռնությունն ու դաժանությունն այնքան են խորանում, որ պարբերաբար ավարտվում են մարդկային կյանքի կորստով։ Ի՞նչ աշխատանք է տարվում բանակում՝ փոխադարձ հարգանք, կարգապահություն և պատասխանատվություն ձևավորելու համար։
Ամենացավալին այն է, որ մեր հասարակության մեջ գնալով ավելի տեսանելի է դառնում անհանդուրժողականությունն ու ագրեսիան։ Եվ այո՛, այստեղ իր մեղքի մեծ բաժինն ունի երկրի բարձրագույն ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է բաժանարար գծերով, թշնամանքի և ատելության լեզվով, և այդ մթնոլորտը վաղ թե ուշ ներթափանցում է նաև մարդկանց առօրյա հարաբերություններ։
Մենք պարտավոր ենք հաղթել այս մղձավանջային իրականությանը, և եկեք սկսենք բոլորս մեր շրջապատից, մեր միջավայրից։ Վերականգնենք փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մշակույթը մեր հասարակության մեջ։
Աններելի է ամեն օր ականատեսը դառնալ անիմաստ ողբերգությունների և համակերպվել դրա հետ։ Վերջապես, ափսոս են մեր սերունդները։ Նրանք արժանի են մեծանալու հստակ գիտակցմամբ, որ մեծագույն արժեքը մարդու կյանքն է, ոչ թե ատելությունն ու բռնությունը։