copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:25 19-03-2025

Արցախի հարցով Շվեյցարիայի խորհրդարանի բանաձևը մեծ հաղթանակ է, բայց Փաշինյանը կխոչընդոտի դրան

2024 թ. դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից ընդունված բանաձևին հետևեց նոր փաստաթուղթ՝ Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի կողմից: Վերջինս ստացել է «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» անվանումը և ըստ Շվեյցարիայի օրենսդրության, ենթակա է պարտադիր կատարման։

Բանաձևով Շվեյցարիան պարտավորվում է ձևավորել հատուկ հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսություն ծավալելու համար։ Վերջնանպատակն է՝ բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը պատմական հայրենիք՝ Արցախ։

Բանաձևը նաև լրացնում է 2023 թ. նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի 2024 թ. մարտ և հոկտեմբեր ամիսներին ընդունած բանաձևերը, որոնք վերահաստատում են բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը։

Այս թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարության» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, ով երկար տարիներ հանդես է եկել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից։

Մետաքսե Հակոբյանը նշեց, որ բանաձևի ընդունմանն ուղղված աշխատանքները եղել են երկարաժամկետ, համակարգված և իրականացվել է հանձնախմբի կողմից, որը լիազորվել էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ։

Ըստ նրա, գործընթացին մեծ աջակցություն է ցուցաբերել Շվեյցարիայի հայ համայնքը, որը, Հակոբյանի խոսքով, «էական ազդեցություն ունի»։

«Սա վկայությունն է այն բանի, որ եթե աշխատանքը տարվի խելամիտ ու հետևողական ձևով, օգտագործելով բոլոր ճիշտ ռեսուրսները, անհնար է արդյունք չգրանցել։ Մենք դա ապացուցեցինք այս գործընթացով։ Սա մեծ հաղթանակ է»,- ասաց Հակոբյանը։

Նա նաև ընդգծեց, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանային, այս ձեռքբերումի միջոցով կարող էին կառուցել հետագա քայլեր՝ Արցախի հայության վերադարձի իրավունքը միջազգային օրակարգում ամրապնդելու ուղղությամբ։

«Ցավոք, մենք գիտակցում ենք, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ոչ միայն չեն օգտագործի այս արդյունքը, այլև ամեն կերպ կփորձեն խոչընդոտել։ Իսկ որոշ մակարդակներում իշխանությունների ներգրավվածությունը անհրաժեշտ է»,- նշեց Հակոբյանը։

Միևնույն ժամանակ, նա կարևորեց այն փաստը, որ բանաձևում նախատեսված է Շվեյցարիայի կողմից հատուկ հարթակի ստեղծում, որտեղ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները երկխոսություն կիրականացնեն։

«Իհարկե, սա մեր երազած տարբերակը չէ, բայց սա այն արդյունքն է նրա, որ կարելի է ձեռք բերել ինչ-որ մի բան նույնիսկ առանց ՀՀ իշխանությունների մասնակցության։ Եվ վստահ եմ՝ աշխատանքները շարունակվելու են, և քայլ առ քայլ հաջողությունը կգրանցենք»,- հավելեց նա։

Վերջում Մետաքսե Հակոբյանը ընդգծեց, որ ՀՀ ներկայիս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «դավաճանական քայլերի արդյունքում հանձնել են Արցախը և փորձում են փակել Արցախի հարցը», սակայն իրենք շարունակելու են աշխատանքը միջազգային տարբեր հարթակներում՝ ապացուցելու համար, որ Արցախի հարցը փակված չէ։

«Այս բանաձևը միանշանակ հաջողություն է, բայց մենք չենք դադարեցնելու աշխատանքը։ Մենք ցույց տվեցինք թե՛ միջազգային հանրությանը, թե հայ հասարակությանը, որ Արցախի հարցի փակմամբ շահագրգռված են միայն Ադրբեջանն ու ՀՀ գործող իշխանությունները»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել