copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:56 03-02-2025

Աշխատողները բողոքում են, կոմբինատը` լռում, Փաշինյանը կարծես թե չկա


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում արդեն 4-րդ օրն է՝ գործադուլ է տեղի ունենում։ Քաղաքացիները պահանջում են 30%-ով աշխատավարձի բարձրացում։

Աշխատողներն իրենց պահանջն արդար ու հիմնավոր են համարում, քանի որ աշխատում են չարքաշ պայմաններում՝ առողջությանը վնաս հասցնող նյութեր շնչելով, և այդ ամենի արդյունքում շահում են իրենց ռուս ղեկավարները։ Սակայն կոմբինատը լուռ է, և նույնիսկ հապաղում են աշխատողների օրինական գործողությունները որակել գործադուլ։

Այսօր Oragir.News-ը կապ հաստատեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի լրատվության բաժնի հետ, որտեղից մեզ պատասխանեցին, որ իրավական մի քանի կետերի հիմքով՝ տեղի ունեցողը գործադուլ չեն համարում։

Սակայն քիչ առաջ տեղի ունեցած ստորագրահավաքի արդյունքում հավաքվել է 2448 «Այո»։ ԶՊՄԿ աշխատակիցների կեսից ավելին կողմ է քվեարկել աշխատանքային պայմանների բարելավմանը։ Կոմբինատում, ըստ ընկերության պաշտոնական տվյալների՝ աշխատում է ավելի քան 4 հազար 600 մարդ։

Չնայած կոմբինատի ղեկավարության պնդումներին, թե սա գործադուլ չէ, աշխատակիցների գործողությունները գնալով ավելի համակարգված ու պահանջատիրական են դառնում։ Աշխատողների մի մասը հայտնել է, որ եթե իրենց պահանջները շարունակեն անտեսվել, ապա իրենք պատրաստ են երկարաժամկետ աշխատանքային բոյկոտի։

Այսօր բողոքի մասնակիցները հանդիպում են պահանջել ղեկավարության հետ, սակայն մինչ այս պահը որևէ պաշտոնական պատասխան չեն ստացել։ Կոմբինատի իրավաբանները նշել են, որ աշխատողները պարտավոր են վերադառնալ աշխատանքի, քանի որ պայմանագրային խախտում են կատարում։ Իսկ գործադուլավորները պնդում են, որ իրենց բողոքի հիմքում ոչ միայն աշխատավարձի բարձրացման, այլև աշխատանքի անվտանգության բարելավման հարցն է։

Չնայած՝ սոցիալական ցանցերում այս թեմայի շուրջ քննարկումները թեժանում են, իսկ որոշ պատգամավորներ կոչ են անում կառավարությանը միջամտել, գործադիր իշխանությունը դեռևս լռում է։ Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը, որը 2021-ին կոմբինատի 21.9% բաժնեմասի սեփականատերն է դարձել, առայժմ չի արձագանքել արդեն 4 օր շարունակվող գործադուլին և աշխատողների հիմնավոր ու արդարացի պահանջներին։ Ընդդիմադիր ուժերը կառավարության լռությունը որակում են «հանցավոր անգործություն»՝ նշելով, որ Փաշինյանի իշխանությունը մի կողմից հայտարարում է սոցիալական արդարության մասին, մյուս կողմից՝ անտեսում հարյուրավոր աշխատակիցների խնդիրները։ Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ապացուցել, որ իենց համար հետաքրքիր չեն սոցիալական լարվածությունը, առճակատման ռիսկերը։ Ժողովրդավարական երկրում շարունակում են անտեսվել 2000-ից ավելի հերոս հարկատուների արդարացի ու հիմնավոր պահանջները, արհամարհվել նրանց առողջությունն ու կյանքը։

Մինչ աշխատակիցները շարունակում են իրենց բողոքը, կոմբինատից տեղեկացրեցին, որ առաջիկա օրերին հնարավոր է պաշտոնական հայտարարություն արվի։ Իսկ աշխատակիցներն են տեղեկացրին, որ եթե կառավարությունն ու կոմբինատը չարձագանքեն, ապա իրենք պատրաստվում են հաջորդիվ քայլերի՝ ընդհուպ գործադուլի տարածումն այլ արդյունաբերական կենտրոններում։

Նշենք նաև, որ ԶՊՄԿ լրատվության բաժնից Oragir.News-ին հայտնեցին, որ իրենք պատկերացնում են աշխատավարձերի համահավասարեցում 5-20%-ի սահմաններում։ Հարցին, թե արդյոք չեն պատրաստվո՞ւմ գնալ զիջումների ի կատարումն աշխատակիցների պահանջի, լրատվության բաժնից կրկնեցին, որ 5-20%-ի սահմաններում համահավասարեցումից բացի՝ այլ բան հիմա չեն կարող առաջարկել։

Ք.Ս.

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի