copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:37 06-12-2024

Լենինին դիմած մուժիկը Փաշինյանին նամակ է գրում

Եղիշե Չարենցը լուրջ ազդեցություն ունի Նիկոլ Փաշինյանի վրա։ 44-օրյա պատերազմից հետո նա կոչ էր անում կարդալ «Երկիր Նաիրի» պոեմանման վեպը ու մխիթարվել, որ պատերազմի արդյունքում Հայաստանը Նաիրիի բախտին չի արժանացել։ Իսկ դեկտեմբերի 6-ի առավոտյան նա, հավանաբար, Չարենցի մեկ այլ հանճարեղ ստեղծագործության տակ էր մնացել։ «Պատասխանում եմ քաղաքացիների նամակներին», գրել էր վարչապետն ու կարճ տեսանյութ հրապարակել։

Շատերը, հատկապես տարեցները, կարդացել են Չարենցի «Բալլադ Վլադիմիր Իլյիչի, մուժիկի և մի զույգ կոշիկի մասին» գործը, գրված 1924-ին։ Ինչի՞ մասին է այն, ի՞նչ ընդհանրություն ունի Փաշինյանի վերոնշյալ գրառման հետ։

Խորհրդային երկրի ղեկավարը մինչև 1924-ը Լենինն էր։ Նա հեղափոխական բռնապետ էր, ժողովրդականություն չուներ։ Դրա համար գրողներին պարբերաբար պատվիրում էին Լենինին ձոնված ստեղծագործություններ գրել, որ նրա ժողովրդականությունը բարձրանար, դառնար կուռք։ Այդպիսի գործերից է Չարենցի այս բալլադը, որտեղ հանճարեղ պոետը վարպետորեն ցույց է տալիս հեղափոխության բազմազբաղ առաջնորդի հոգատարությունը սովորական մուժիկի կենցաղային մի խնդրի հանդեպ։

Նույն իրավիճակում է Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես Չարենցի մուժիկն էր Լենինից մի զույգ կոշիկ ուզում, ենթադրաբար, այդպես էլ Փաշինյանին նամակ գրողներն են դիմում իրենց անձնական, կենցաղային, սոցիալական հարցերով։

«Մուժիկին հարկավոր է մի զույգ կոշիկ։ Դիմել է մուժիկն ուրիշի՝ ասել են՝ չի՛ք։ Դե նա էլ եկել է Իլյիչին։ Ծիծաղում է քահ-քահ Իլյիչը։ Խորամանկ խինդ է աչքերում։ Բոթում է մուժիկին, Հետո Վերցնում է մի թուղթ, գրում է. «Ում որ հարկն է. Տալ մուժիկին մի զույգ կոշիկ»,- գրում է Չարենցը։

Մոտավորապես նույն բանն է անում Փաշինյանը։ Քաղաքացին, հավանաբար, ներկայանում է, ներկայացնում է իր խնդիրը։ Իսկ Փաշինյանն էլ կարգադրում է ում, որ հարկն է, որ բավարարեն քաղաքացու խնդրանքը։

Ո՞վ և ի՞նչ նամակ կարող է գրել Նիկոլ Փաշինյանին։ Քաղաքացիների խնդիրները, ենթադրաբար, երեք խմբի են։

Առաջին խումբ խնդիրները արդարությանն են վերաբերում։ Այս մասին վերջին շրջանում շատ է խոսում վարչապետը։ Անարդարության բախվող մարդիկ դիմում են երկրի ղեկավարին, քանի որ, կարծում են, թե նա կարող է ազդել ոչ միայն ուժային կառույցների, այլև դատարանի վրա և իրենց հարցին լուծում տալ։

Երկրորդ խումբը սոցիալական է։ Ցածր եկամուտները, աղքատությունը շատերին հուսահատության է հասցնում։ Ինչպես Չարենի մուժիկը, այնպես էլ հիմա ոմանք դիմում են հարկատուների միջոցները տնօրինողին, հույս ունենալով, որ իրենց փոքր սոցիալական հարցը կլուծվի։

Երրորդ խումբը, ենթադրաբար, ՔՊ անդամներն են, որոնք իրենց թիմակիցների դեմ մատնագրեր են գրում, հայտնում, թե նրանք ինչ կոնֆիդենցիալ գաղտիքներ են հանրայնացնում և հանրության բարոյական նորմերի ինչ խախտումներ անում։

Քաղաքացիներին պատասխանող Փաշինյանի գրառումը նաև գովազգային ակնարկ է։ Այդպիսով դրդում են մարդկանց տարբեր հարցերով դիմել երկրի ղեկավարին։ Ենթադրելի է, որ տարեվերջին Նիկոլ Փաշինյանը մեծ ասուլիսներ կհրավիրի, որոնցից մեկի ժամանակ կպատասխանի միայն քաղաքացիների հարցերին։ Այդ ժամանակ էլ կհրապարակվի վիճակագրություն, թե տարվա ընթացքում քաղաքացիները քանի հարց են ուղղել վարչապետին, դրանցից քանիսն են լուծում ստացել և այլն։

Այս ամենն ունի ՔՊ ղեկավարի ժողովրդականությունը բարձրացնելու խնդիր։ Այսպես ցույց կտան, թե չկա անդունդ ժողովրդի և իշխանության միջև։ Եվ մարդիկ չեն խորշում, չեն զզվում Փաշինյանից։ Յուրաքանչյուրը կարող է իր դարդ ու ցավը պատմել վարչապետին և լուծում ակնկալել։ Տեղերում պաշտոնյաներն ավելի ուշադիր կլինեն, քանի որ տեղական պաշտոնյայի կամայականությանը բախվող քաղաքացին կարող է դիմել վարչապետին, որի արդյունքում մարդու խնդիրը լուծում կստանա, իսկ պատկան մարմնի ղեկավարը կպատժվի։

Պարզ ասած՝ Փաշինյանի դեկտեմբերի 6-ի գրառումից կարելի է ենթադրել, որ բացվելու է պոպուլիստական նոր դարաշրջան։ Տակավին կանխատեսելի չէ, թե մուժիկների հետ ուղիղ շփումն ինչպես կանդրադառնա Փաշինյանի հեղինակության վրա, սակայն աներկբա է, որ ժողովրդավարության հետընթաց կլինի, կստեղծվեն քաղաքական մրցակցության անհավասար պայմաններ, ինչը կարտացոլվի նաև գալիք ընտրություններում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
23:25 Փամբակ գետում որոնվող քույրերը Արցախից են. նրանց դեռ չեն գտել
20:00 Անուշը չի կորի, Արտգրակը չի կորի, ափսոս են ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ պատուհան՝ դեպի աշխարհ. Արտակ Ալեքսանյան
14:35 Դու կնոջը չես նայում իր ինտելեկտի համար, այլ իր բաց հագնվածի. Կարեն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունը
13:02 Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու