«Քաղաքական իշխանությունը չի միջամտում Հանրային հեռուստաընկերության գործերին՝ կարելի է ասել»,- այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաք էր հրավիրել Հանրապետության հրապարակում, որից հետո քաղաքացիները քայլերթով շարժվեցին դեպի Հանրային հեռուստաընկերություն, որտեղ Հանրային ՀԸ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը Բագրատ սրբազանին առաջարկեց հարցազրույցի ձևաչափով հանդես գալ, նաև հայտնեց, որ ուղիղ եթերի տաղավարում սպասում են արքեպիսկոպոսին։
Oragir.News-ը ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին հարցրեց՝ եթե Հ1-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը մինչև հիմա շարունակում է պաշտոնավարել, և իրենց իշխանությունը նրան չի հեռացել պաշտոնից, նշանակո՞ւմ է արդյոք, որ Բագրատ Սրբազանին Հ1 հրավիրելու մասին քաղաքական որոշում եք ունեցել և Սրբազանին եթեր տրամադրելու հարցը նախապես քննարկել եք։
«Բագրատ սրբազանին վերջին 6 ամիսներին 30-ից 40 անգամ հրավիրել ենք հարցազրույցի։ Իսկ ինչ վերաբերվում է Հ1-ի տնօրենին աշխատանքից հանել չհանել, նոր մարդ նշանակել և այլն, դա անում է համապատասխան մարմինը և ոչ թե քաղաքական իշխանությունը։ Իսկ կոնկրետ երեկվանն էլ, նորից եմ ասում՝ Բագրատ Գալստանյանին կամ Վազգեն Գալստանյանին անձամբ, ես իմ աչքով վերջին 5-6 ամիսներին տեսել եմ տասնյակ անգամներ, որ հրավիրում են հարցազրույցի։ Երեկ նա գնացել է այդ տասնյակ անգամներ հրավիրած հարցազրույցին»,- ասաց պատգամավորը։
Նա շեշտեց, որ քաղաքական իշխանությունը Հանրային Հեռուստաընկերության քաղաքականությունը որոշող մարմին չէ և նման հարցերով զբաղվում է ՀԸ-ի գործադիր ղեկավարությունը․
«Հանրային Հեռուստաընկերությունը քաղաքական իշխանութան հետ որևէ կապ չունի, կախում չունի քաղաքական իշխանությունից, և իր քաղաքականությունը չի պայմանավորում քաղաքական իշխանութան հետ»,- եզրափակեց ՔՊ-ականը։