copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 11:00 21-09-2024

Անկախությունն իրապես արժևորող խոսք ու գործ դեռ չկա

Լավատեսներն ակնկալվում էին, որ Սեպտեմբերի 21-ին ՀՀ իշխանությունները հանդես կգան հաշվետվությամբ, թե ի՞նչ են արել նախընթաց տարվա ընթացքում անկախության պաշտպանության ուղղությամբ։ Սակայն, նրանք միայն խոսում են անկախության, պետության, հայրենիքի վերաբերյալ իրենց ընկալումներում տեղի ունեցող փոփոխությունների մասին։

Կարելի է ցավով նկատել, որ անկախության 33-րդ տարում կորուստներն ավելի էին, քան ձեռքբերումները։ Այս տարի Տավուշի մարզի սահմանի որոշ հատվածներ հանձնվեցին Ադրբեջանին։ Ընդդիմախոսների մի մասը սա որակում է իրական նահանջ։ Իշխանությունների խոստումները՝ թե սահմանազատումը կշարունակվի, և ՀՀ-ից զավթված հատվածները կվերադարձվեն, չեն իրականացել։ Արծվաշենի վերադարձի ուղղությամբ ևս որևէ շարժ չկա։

Հայ-ռուսական հարաբերություններում ևս առաջընթացը սպասվածից շատ հեռու է։ Ռուսական զորքերը դեռ ՀՀ սահմաններին են։ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ միայն ակնարկ է անում։ Հայ-ռուսական փաստացի չգործող կամ ապօրինի պայմանագրերը չեն վերանայվել կամ լուծվել, չեն իրականացվել դեսովետիզացում, լյուստրացիա։ Այս ամենը հիմք է տալիս ասելու, որ տեղի չի ունենում անկախության պաշտպանության շարժում։ Սա ավելի շուտ կարելի է անվանել անկախությունը չպաշտպանելու անգործություն։ Հետևաբար՝ քաղաքացին իրավունք ունի ոչ միայն հանդիմանելու, այլև մեղադրելու ՔՊ-ական իշխանություններին անկախության պաշտպանության ուղղությամբ անգործություն ցուցաբերելու մեջ։

Զավեշտալի է, որ այս անգործության ֆոնին Փաշինյանը մի խումբ համակիրների հետ միասին պարբերաբար հեծանիվ է վարում առավոտյան ժամերին ու վերջում ասում՝ կեցցե՜ հեծանիվը։ Լավ է, որ Փաշինյանը տոնական ուղերձում չխոսեց հեծանիվի մասին և վերջում չասաց՝ կեցցե՜ հեծանիվը։

ՔՊ-ական իշխանությունների՝ անկախության վերաբերյալ պատկերացումները հեռանում են ողջախոհությունից։ Անզեն աչքով էլ նկատելի է, որ ՔՊ-ականների անզգույշ ելույթները պետության մասին բացասաբար են անդրադառնում ժողովրդի սոցիալ հոգեբանության վրա։ Աշխարհի բոլոր մեծ ազգերի համար պետությունը բարձրագույն արժեք է, քաղաքական գերնպատակ։ Իսկ ՔՊ-ականը թյուրիմացաբար կամ սխալ քաղաքական կրթություն ստանալու պատճառով դեռ կարծում է, թե պետությունը ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք է։ Այսպիսի վերաբերմունքը վիրավորական է 33 տարվա նոր կյանք ու հազարամյակների պատմություն ունեցող պետության քաղաքացու համար։ Եթե քաղաքական գործիչը Մովսես Խորենացի կարդացած լիներ, ապա այս պարզ բանը կհասկանար, քանի որ Խորենացու պատմությունը սկսվում է Հայկ և Բելով ու ավարտվում թագավորության անկմամբ։ Այսինքն՝ առանցքում անկախությունն է։ Եթե անկախություն չկա, պատմելու բան էլ չկա։

Խորհրդային բռնազավթումից ազատագրված, մեր երբեմնի բախտակից երկրներում հատուկ ուշադրություն են դարձնում անկախության պայքարին, այդ պայքարի նահատակներին, նվիրյալներին։ Փաշինյանը տոնական ուղերձում բառ չի ասում նրանց մասին, հիշատակում է միայն «Այո» քվեարկողներին, ստվերելով անկախության պայքարի ընթացքը։ Այնուհետև կրկին ներողություն է խնդրում իրենց գործած և դեռ գործելիք սխալների համար։ Կարծես՝ անթաքույց և անկաշկանդ խոստովանում է, որ դեռ շարունակելու են գործել պետության, ժողովրդի դեմ։ Սա նշանակում է, որ Փաշինյանը գիտակցված շարունակելու է սխալներ անել։

Ի վերջո՝ այս տարի ՔՊ-ականներն ու նրանց ձայնակցողները շատ են ակնարկում, թե Ռուսաստանն ու նրա դաշնակիցները ձգտում էին և ձգտում են ոտնձգություն կատարել Հայաստանի դեմ, մեր անկախության դեմ։ Այս առումով՝ Սեպտեմբերի 21-ը լավագույն առիթ է քարտերը բացելու և մեր թշնամիների պորտը տեղը դնելու համար։ Ցավոք, և՛ ՀՀ նախագահը, և՛ վարչապետը, և՛ ԱԺ նախագահը բավարար խիզախություն չունեցան, որ ժողովրդին ասեն ամբողջ ճշմարտությունը անկախության իրական սպառնալիքների և անկախության պաշտպանության հարցում իշխանության անելիքների մասին։ Հետևաբար՝ այս տարեդարձն էլ կացնի՝ առանց անկախությունն իրապես արժևորելու, արժեքավոր խոսքի, գործնական քայլերի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
10:21 Երեկ հայտարարված պաշտոնական «թվերը» առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը
14:35 Դու կնոջը չես նայում իր ինտելեկտի համար, այլ իր բաց հագնվածի. Կարեն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունը