copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:00 29-08-2024

Ռուսական բուքմեյքերական ընկերության գովազդ՝ Երևանի սրտում․ քաղաքապետարանը խորիմաստ լռում է

Oragir.News-ը օրերս հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքով արգելված բուքմեյքերական գործունեության գովազդը կիրառվում է բացառապես տեղական ընկերությունների նկատմամբ, սակայն արտասահմանյան, մասնավորապես ռուսական ընկերություններն ազատորեն գովազդում են իրենց ծառայությունները:

Մեր նախորդ նյութի հրապարակման պատճառներից մեկը Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղադրված միջոցառման գովազդային վահանակն էր, որի վրա՝ բավականին տեսանելի հատվածում, առկա էր ռուսական Winline ընկերության գովազդը։ Բացի այդ, միջոցառման մասնակիցներից բազմաթիվ տեսանյութեր էինք ստացել, որոնցում երևում էր, որ խաղերի ընթացքում նույնպես ռուսական բուքմեյքերական ընկերությունը բազմիցս գովազդվել է։

Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվել էր, թե հիշյալ գովազդային վահանակն ինչպես և ում թույլտվությամբ է հայտվել Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, սակայն քաղաքապետարանից մեզ պատասխանել էին, որ խնդիրը ոչ թե իրենց այլ հենց Մարզահամերգային համալիրի ղեկավարության իրավասության տիրույթում է։ Ավելի ուշ փորձել էինք նաև Մարզահամերգային համալիրից պարզաբանում ստանալ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան էին մնացել։

Հրապարակումից հետո Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ նույն գովազդային պաստառից տեղադրված է եղել նաև Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցի տարածքում։ Այս վահանակի վրա նույնպես բավականին տեսանելի հատվածում առկա է եղել ռուսական Winline ընկերության գովազդը։





Երևանի քաղաքապետարանից Oragir.News-ին խոստացան ճշտել և պարզել, թե ինչպես է ռուսական բուքմեյքերական ընկերության գովազդը հայտնվել Երևանի կենտրոնում, որից հետո մեզ հետ հետադարձ կապ կհաստատեն և կպարզաբանեն, սակայն այդպես էլ մեզ չզանգահարեցին։ Այնուհետև Oragir.News-ը ևս մի քանի անգամ կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի հետ և ստացավ նույն պատասխանը։

Փաստացի Երևանի քաղաքապետարանը խորհրդավոր լռություն է պահպանում՝ 1 օր շարունակ չկարողանալով պարզել, թե ինչպես է մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկում հայտնվել ռուսական բուքմեյքերական ընկերության գովազդը։ Ստեղծված իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ Երևանի քաղաքապետարանը պարզապես ասելիք չունի, քանի որ մեր ներկայացրած փաստերն ինքնին խոսուն են։

Այսպիսով՝ հերթական անգամ համոզվում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում արտասահմանյան բուքմեյքերական ընկերությունները գործում են օրենքից դուրս և մեր երկրի օրենսդրությունը վերջիններիս վրա չի տարածվում։

Խնդիրն այն է, որ շահումով խաղերի գովազդի արգելքի հիմնական պատճառներից մեկը խաղային հարթակերի նկատմամբ ՀՀ քաղաքացիների մոտ ավելի պատասխանատու մոտեցում սերմանելն էր: Իսկ փաստացի, ստացվում է, որ գովազդի արգելքը տարածվում է միայն տեղական օպերատորիների վրա, իսկ օրենքի պատշաճ կիրառման համապատասխան վերահսկում չի իրականացվում։

Եթե այնուամենայնիվ այս հրապարակումից հետո Երևանի քաղաքապետարանում ի վերջո պարզեն, թե ինչպես է ռուսական բուքմեյքերական ընկերության գովազդը հայտնվել մայրաքաղաքի սրտում, Oragir.News-ը պատրաստ է հրապարակել նաև քաղաքապետարանի պարզաբանումը, որը ստանալու բազմաթիվ ապարդյուն փորձեր երեկ և այսօր կատարել է։