Գաղտնիք չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչով զբաղվում է, բացի երկրում առկա կարևոր հարցերն ու անվտանգային խնդիրները լուծելուց։
Նիկոլ Փաշինյանի նախասիրությունները սկսում են հեծանվային «տուրերից» մինչև տիկտոկյան ու ֆեյսբուքյան «դասախոսություններ»։
Վարչապետի վերջին նման դասախոսությունը մայթերի մասին էր՝ «Եկեք մայթն ու փողոցը չխլենք ինքներս մեզնից» վերնագրով։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում խոսում է այն մասին, որ բազմաթիվ համայնքներում իրենք փողոցներ և մայթեր են հիմնանորոգում։
«Ես սովորություն ունեմ, այդ տեղերով գնալու, տեսնել՝ ինչ է կատարվում և ինձ համար տարօրինակ կերպով արձանագրում եմ, որ շատ հաճախ մայքերն օգտագործում են որպես ավտոկայանատեղի, ինչը իհարկե խնդրահարույց է։ Մայթերը մենք վերականգնել ենք, որպեսզի հետիոտները քայլելու հնարավորություն ունենան»,-ասաց նա։
Եվ ահա այստեղ գլխավորի մասին․․․
Oragir.News-ի տեսախցիկը Սեբաստիա փողոցում ֆիքսել է մայթերի խայտառակ վիճակը, ավելի կոնկրետ՝ հիմնականում դրանց բացակայությունը։
Մայթերի բարեկարգմամբ հպարտացող ու դրանց մասին բարձրաձայնող վարչապետը տեղյակ չէ, որ մի ամբողջ փողոց` 2կմ, չունի ոչ միայն հետիոտների համար նախատեսված մայթեր, այլ նաև փողոցների որոշ հատվածներում չկան հետիոտների համար նախատեսված գծանշումներ։
Վերոնշյալ փողոցի որոշ հատվածներում, որտեղ կան մայթեր, կա՛մ քանդված են, կա՛մ մեքենաների համար ծառայում են ավտոկայանատեղի։ Այսինքն՝ մայթերի վրա կանգնած են ավտոմեքենաներ, ինչը, իհարկե, խնդրահարույց է։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ առիթը բաց չի թողնում մատնանշելու քաղաքում կատարած փոսալցման աշխատանքների մասին, այն դեպքում, երբ նմանատիպ առաջնային փողոցներում տիրում է ամենաթողություն։
Փաստացի՝ այս բանուկ փողոցում չկան նաև մանկասայլակների համար նախատեսված հատվածներ։ Այն դեպքում, երբ այս փողոցը բավականին խիտ երթևեկություն ունի և մայթերի բացակայության դեպքում վտանգավոր է հետիոտների համար։
Ստացվում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կա՛մ ապրում են այլ իրականությունում, կա՛մ չեն տիրապետում առկա խնդիրներին, կա՛մ սա հաջորդ շոուն է ու ժողովրդին թմբիրի մեջ գցելու այս իշխանության հերթական փորձը։
Մանրամասները`տեսանյութում։