Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ
գրառումը՝ տեղադրելով նաև փախստական դարձած արցախցիների լուսանկար, որն արել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։
«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումը, որն այսօր Տավուշի ոստիկանության պետն ուղղեց ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանին, սովորական մի հարցադրում չէ, որ անում են կառուցողական երկխոսության ժամանակ։
Դա հարցադրում է, որ անում են այն իրավիճակում, երբ դիտավորյալ նպատակ են ունենում վիրավորելու հայրենիքի կորստի ցավից առանց այն էլ մղկտացող արցախցուն, երբ նպատակ են ունենում ասելու, որ Հայաստանը քո հայրենիքը չէ, և իրավունք չունես խոսելու։ Դա անում են դիտավորյալ՝ ցավեցնելու արտահայտված նպատակադրմամբ։
Ընդորում՝ այսօրվա ոստիկանը միակը չէ, որ այս ընթացքում նման հարցադրում է արել։ Ես վստահ եմ, որ այդ հարցադրումն անողները պատասխանը շատ լավ գիտեն, ու կարիք չկա նրանց նորից բացատրելու արցախցիների՝ ադրբեջանական վերահսկողության տակ մնալու հետևանքները։
Իսկ եթե հազարավոր տնավեր հայրենակիցների ամենօրյա ցավը տեսնելով՝ այնուամենայնիվ մարդը որոշում է նման հարցադրում անել, ուրեմն ոչ մի խրատ ու խորհուրդ նրան չի փրկի տմարդության և անբարոյականության այդ գարշելի անդունդից։
Նկարը՝ 2023 սեպտեմբեր, Ստեփանակերտ»։
Իսկապես, ոչ քիչ հայաստանաբնակներ, որոնք դիրքավորվում են, հիմնականում որպես Նիկոլ Փաշինյանի համակիր, նման հարց են ուղղում Արցախից տեղահանվածներին՝ «ինչու՞ չմնացիք Արցախում, չպահեցիք այն»։ Այս հարցը տվողներին կարելի է, իհարկե, բնորոշել մտավոր սահմանափակվածության իմաստով գնահատականներով, բայց դա մակերեսային դիտարկում կլինի։ Իրականում, նման հարցադրումն իր մեջ շատ ավելի վատ ուղերձներ է պարունակում։ Առաջին հերթին՝ այդ հարցով հանդես են գալիս նրանք, որոնք սիրում են ազգը բաժանել սև-սպիտակների, այսպես կոչված «ղարաբաղցի-հայաստանցի»-ների։ Նման կարծիք կրողները զարգացնում են «միտքը» հետևյալ կերպով․ «դուք, որ 1988 թվականից հայ ազգի գլխին փորձանք եք դարձել, ինքնակամ հանձնվեցիք Ալիևին, փախաք ձեր հողից, հիմա էլ եկել՝ իմ ժողովրդի կողմից լեգիտիմ մանդատով ընտրված վարչապետի իշխանությունն եք ուզում զավթել»։ Այլ կերպ ասած, ցանկացած հասարակական երևույթին արցախցիների մասնակցությունը հայաստանաբնակների այս խմբի կողմից դիտարկվում է, որպես իշխանազավթման մտադրություն։
Կան նաև ահազանգեր, որ դպրոցահասակ երեխաներն են տարբեր վայրերում, ինչպես օրինակ կրթօջախներում ենթարկվել ճնշումների, մասնավորապես «ինչու՞ եք եկել Հայաստան» կարգի հարցերի տեսքով։
Իհարկե, այսպիսի գնահատականներ, փառք Աստծո, համատարած չեն, բայց անգամ այդ դեպքում պետք չէ անտեսել երևույթը։ Ընդ որում, եթե մինչև հիմա տարբերակումներ և բաժանարար գծեր են եղել անհատ մարդկանց վերաբերմունքի տեսքով՝ ինչ-ինչ պատճառների կամ հանգամանքների բերումով, ապա այս դեպքում գործ ունենք պաշտոնատար անձի հետ, որի կարծիքով՝ արցախցին, փաստորեն, չի կարող Մայր Հայաստանում ապաստան գտնել։ Եվ չի կարելի հաշվի չառնել նաև այն կարծիքը, որ այդ պաշտոնատարների խոսույթը ձևավորվում է «վերևից» իջեցված հրահանգներով։
Դժբախտաբար, փաշինյանական կառավարմանը հատուկ է բաժանարար գծերի ներդնումը։ Գուցե դա արվում է հասարակական միասնությունը տրոհելու համար, իսկ գուցե ընդամենն ապաշնորհ կառավարման հետևանք է, բայց երևույթն իսկապես մեծ չափերի է հասել և պարբերաբար կիրառվում է ժողովրդի այս կամ այն շերտի նկատմամբ։ Եվ, իհարկե, խնդիրը միայն արցախցիների նկատմամբ անհավասարակշիռ այդ վերաբերմունքը չէ, այլ ընդհանուր հասարակական հուսալքությունը, որը սերմանվում է փաշինյանական վարչախմբի կողմից։
Տիգրան Աթանեսյան