Հանրային վրդովմունք է առաջացրել ԲՏԱ նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանի օտարաբանությունը։ «Հայ քաղաքացին իր առօրյա կյանքում կտեսնի տեխնալոգիաների ու արհեստական բանականության result-ը և impact-ը, կմտնի հիվանդանոց, մեկ կոճակով իրեն միանգամից pull up կանեն իրեն ամբողջ electronic health grade․․․»,- ասել է նա։
Ինչո՞ւ է փոխնախարարն անգլերեն բառեր կիրառում հանրության ուղղված խոսքում, և ինչո՞ւ է ժողովուրդը վիրավորվել ու վրդովվել այս վերաբերմունքից։
Ոմանք սա անվանում են լեզվական սնոբիզմ, նկատի ունենալով, որ մարդիկ երբեմն օտար բառեր օգտագործում են նորաձևության կամ սնոբիզմի պատճառով։ Այսինքն՝ որոշ մարդիկ օտար բառերի օգտագործմամբ փորձում են ցույց տալ, որ ունեն ավելի բարձր սոցիալական կարգավիճակ։ Եվ սա վիրավորական է ժողովրդի համար։
Լեզվական սնոբիզմը նորություն չէ։ Հելենական շրջանում ընտրանին հունարեն էր խոսում։ Թուրքիայի կողմից արևմտյան Հայաստանը զավթելուց հետո բարձր դիրք ունեցող հայերը թուրքերեն բառեր էին կիրառում խոսքի մեջ։ Խորհրդային բռնազավթման շրջանում պաշտոնյաներն իրենց երեխաներին ռուսական դպրոց էին տալիս, իրենք էլ տանը ռուսերեն խոսում։
Սա երկրորդական հարց չէ։ Պաշտոնական կամ քաղաքական խոսույթում օտարաբանությունը հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ պաշտոնյան օտար երկրի ազդեցության տակ է։ Այսինքն՝ այլ երկրի ազդեցության գործակալը զբաղեցնում է բարձր պաշտոն։ Եվ եթե այդ օտար երկիրը ոտնձգություն կատարի ՀՀ ինքնիշխան իրավունքների նկատմամբ, ապա ռիսկ կա, որ բարձր դիրք զբաղեցնող ազդեցության գործակալը կարող է կանգնել օտար երկրի շահերի պաշտպանության դիրքերում։
Օրինակ՝ 1920-ի հոկտեմբերի 30-ին Կարսի անկման պատճառներից մեկն այն էր, որ ՀՀ բանակի սպաները ռուսերեն էին մտածում։ Հասարակ մարդիկ կարծում էին, թե եթե մարդը ռուսերեն է խոսում, ուրեմն բարձր դիրք ունի, ընտրյալ է, խելացի և այլն։ Իսկ Ռուսաստանն այդ ժամանակ բոլշևիկյան էր, որի գործակալները քարոզում էին դասլքություն։ Ռուսական գործակալների քարոզչության ներքո հայ սպաներն ու զինվորները հանձնեցին ամրոցը։ Վերացական տեսակետ կա, որ եթե հայ սպաներն այդ ժամանակ հայերեն մտածեին ու խոսեին, ապա զինվորները ռուսական գործակալներին բանի տեղ չէին դնի, Կարսը չէին հանձնի թուրքերին։
Լավատեսական կարծիք կա, թե ԲՏԱ փոխնախարարի օտարաբանությունը սնոբիզմ չէ։ Նա վերևից չի նայում, չի արհամարհում ժողովրդին, չի ուզում ընդգծել իր առավելությունը կամ բարձր դիրքը։ Նա պարզապես հայերեն նորմալ խոսել չգիտի։ Ենթադրելի է, որ տևական ժամանակ արտերկրում աշխատելու արդյունքում նրա միտքը լցվել է օտար բառերով, նա անգլերեն է մտածում։ Թերևս՝ սա է պատճառը, որ նա անգլերեն բառեր է կիրառել խոսքում, ինչը վիրավորել է ազգային ինքնասիրություն ունեցող բազմաթիվ մարդկանց։
Եթե սա է իրական պատճառը, ապա այստեղ գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որը նրան նշանակել է բարձր պաշտոնի, առանց ստուգելու նրա՝ հայերենի իմացության մակարդակը։ Հիշենք, որ Փաշինյանը կոչ էր արել արտերկրում կրթություն ստացած հայ երիտասարդներին վերադառնալու Հայաստան, խոստանալով բարձր պաշտոնների նշանակել նրանց։ Այս կոչին արձագանքել են մի քանի հարյուր մարդ։ Հավանաբար՝ նրանց շարքում Հայաստան է եկել ու պաշտոնի նշանակվել նաև Տաթև Ասլանյանը։ Այսինքն՝ եթե փոխնախարար նշանակելուց առաջ ստուգեին նրա՝ հայերենի իմացությունը, բացատրեին, որ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, ՀՀ պաշտոնյան պարտավոր է հրապարակային խոսքում գրական հայերեն խոսել, ապա Տաթև Ասլանյանն այսպես չէր խոսի, չէր վիրավորի ժողովրդին։
Սա մասնավոր խնդիր չէ։ Փաշինյանի կոչին անսալով, արտերկրում սովորած հարյուրավոր մարդիկ են եկել ու նշանակվել մեծ ու փոքր պաշտոնների։ Նրանք, և ընդհանրապես, բոլոր պաշտոնայները պարտավոր են լեզվի քննություն հանձնել՝ նախքան նշանակվելը։ Նրանց պետք է բացատրեն, որ հանրությանն ուղղված խոսքում օտար բառեր կիրառելը ապապետական է։
Պարզ ասած՝ պաշտոնյան պետք է հասկանա, որ երբ ինքը խոսքում օտար, բարբառային բառեր, փողոցային լեքսիկոն է կիրառում, ապա տպավորություն է ստեղծում, թե ինքը քաղաքական գործիչ չէ, իր համար հայերեն լոգոսը չկա, պետությունը չկա, կամ կործանման ուղու վրա է, օտար տիրապետության տակ է կամ շուտով ընկնելու է։ Այս ասոցիացիան է վիրավորում ու վրդովվեցնում ժողովրդին։