copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:19 31-03-2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Սուրբ Գայանե վանքում անցկացվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Մարտի 30-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ապա կարդացվեցին սուրբգրային ընթերցվածքներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիել մարգարեի թուղթը:

Արտակ Սրբազանը, իր քարոզում անդրադառնալով Հարության խորհրդին, ի մասնավորի նշեց. ««Չէ աստ, այլ յարեաւ» (Ղուկ. ԻԴ 6) խոսքերը, որոնցով Քրիստոսի գերեզման այցելած յուղաբեր կանանց դիմավորեց հրեշտակը, ամենքիս համար հնչում են որպես ավետիս: Սակայն Քրիստոսի թաղումից հետո աշակերտների՝ անորոշության մեջ դեգերող միտքն ի վիճակի չէր ընկալելու այս խոսքերում թաքնված ուրախությունը։ Անորոշության ու հուսահատության խավարը ցրելու համար, հարությունից հետո, Քրիստոս տարբեր վայրերում հայտնվում է Իր աշակերտներին և Իրեն հետևող բազմաթիվ այլ մարդկանց»:

Այնուհետև, անդրադառնալով Փրկչի հետհարության երևումներին՝ մասնավորապես Ղուկասի Ավետարանում հիշատակվող Էմմավուսի ճամփորդների դրվագին, պատարագիչ Սրբազանն ընդգծեց. «Սուրբ Հարության ճրագալույցի այս երեկոյան տեսնում ենք, որ Քրիստոսի հետ անցել ենք երկար մի ճանապարհ, ավելի երկար, քան Երուսաղեմն Էմմավուսից բաժանող տասնմեկ կիլոմետրերը։

Եկել ու հասել ենք մի հանգրվանի, որտեղ մեզանից յուրաքանչյուրը պետք է կատարի իր կյանքի կարևորագույն որոշումը՝ ընդունել Հարուցյալ Տիրոջը մեր հոգիներում ու սրտերում»:

Վերջում Արտակ Սրբազանը, հորդորեց հավատացյալ ժողովրդին Հարուցյալ Աստվածորդու ձեռքն ամուր բռնած անսայթաք քայլել դեպի հավիտենական կյանք տանող ճանապարհով, որտեղ գրկաբաց մեզ է սպասում բազմագութ և սիրող հայրը։

Հավարտ Սուրբ Պատարագի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որը բաշխվեց հավատացյալներին:

Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Հայոց Հովվապետի, կատարվեց Սուրբ Հարության տնօրհնեք:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ