copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 18:17 17-03-2024

Քննություն արցախցիների համար․ հավաքը հետապնդում է համընդհանուրի՞ շահը, թե՞ ինչ-որ հոսանքի

Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Երևանի Ազատության հրապարակ են հրավիրում Արցախից բռնի տեղահանվածներին՝ անց կացնելու հանրահավաք, ինչպես հանրային հարթակներում են նշում կազմակերպիչները՝ «Միանանք մեր խնդիրների և կարիքների ապահովման նպատակով»։

Ինչ խոսք, հռչակված նպատակն ազնիվ է, և հնարավորինս շատ մարդկանց մասնակցությունը բարձրացնում է խնդրի լուծման հավանականությունը։

Սակայն պետք է հասկանալ նաև կազմակերպողների իրական շարժառիթը։ Ցավոք, մեր ժամանակներում կողմնակի, զարտուղի ճանապարհներով օգտագործելով հասարակական ուժը և այն ծառայեցնելով սեփական նպատակների իրագործմանը, բազմաթիվ «գործիչներ» կարողացել են մարդկանց մոտ առաջացնել մեծ հիասթափություն։ Դրա համար էլ ներկա նախաձեռնությունը, որի ազդը զետեղված է սոցիալական ցանցերում, ունի ոչ միանշանակ ընկալում։

Օգտատետերի մի մասը, որն այս կամ այն եղանակով կապված է կազմակերպիչների հետ, լծվել է քարոզչա-տեղեկատվական աշխատանքներին և ամենահնարավոր մեթոդներով փորձում է լսարանին «մոտիվացնել»՝ մասնակցելու հավաքին։ Պարզ տեսանելի է, որ ծանուցման գործառույթն ստանձնածները հնարավորինս մեծ զանգված ապահովելու խնդիր ունեն։ Կարելի է միայն ենթադրել, թե այդ մարդկանց գործելու իրական շարժառիթը որն է, սակայն փաստն այն է, որ նման իրազեկումներն առաջացնում են նաև բավական բուռն հակազդեցություն։ Հակազդողների մոտ գերիշխում է թերահավատությունը հենց կազմակերպողների անձերի նկատմամբ։ Հավաքի ղեկավարմանը հավակնող «իքս» մարդու կամ մարդկանց մասին արտահայտվում են այնպիսի կարծիքներ, որոնք կարող են առաջացնել սաղմնավորման փուլում գտնվող գործը տապալելու հիմքեր։

Հենց դա է ցաքուցրիվ վիճակում հայտնված արցախցի տեղահանվածների հիմնական հիմնախնդիրը․ իրական անշահախնդիր ղեկավարող, կազմակերպող անձանց պակասը միշտ էլ առաջացնում է կասկածամտություն և որևէ նախաձեռնության, առավել ևս նմանօրինակ հանրային նշանակության գործի ձախողում։

Բոլոր դեպքերում արցախցիներս պետք է հասկանանք, որ Հայաստանի կառավարությունը մեր խնդիրները լուծելու իր տեսլականն է առաջադրել, և այս նախաձեռնությանը հետևելու է ուշիուշով՝ հուսալով, որ արցախցիներիս մեջ կգտնվի այնպիսի մեկը, որի գործունեությունն ուղղված կլինի է՛լ ավելի քայքայելու հասարակությանը և դրանով իսկ զրոյացնելու մեր բողոքի ամբողջ նշանակությունը։

Հավաքն իր տեսակով և նշանակությամբ առաջին նմանօրինակ զանգվածային միջոցառում-քննությունն է, և հուսանք, որ հաշվի կառնվի համընդհանուրի շահը, այլ ոչ թե ինչ-որ հոսանքի ծառայողներինը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար
09:50 Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
13:54 Ջրասուզակ Վահե Մելքոնյանի աշխատավարձը պաշտոնապես բարձրացվել է
13:06 Ադրբեջանը ոչ Արծվաշեն է մեզ տալու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո