copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:27 28-12-2023

Տեղի է ունեցել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի 12-րդ Անվտանգային ֆորումը

Դեկտեմբերի 28-ին Երևանում անցկացվել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) 12-րդ Անվտանգային ֆորումը, որը նվիրված էր Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման խնդիրների քննարկմանը:

«Դեպի բարձր արդյունաբերական տնտեսություն» խորագրով ֆորումի ընթացքում ելույթների և հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման հեռանկարները, ռազմավարական թիրախներն ու նպատակները, բարձր կամ երկակի կիրառության տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման խնդիրները, ինչպես նաև՝ տեխնոլոգիական առաջընթացի կապն անվտանգության խնդիրների հետ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը որպես բանախոս մասնակցել են «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում» խորագրով պանելային քննարկմանը:

Նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը խոսել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի կարևոր նշանակության մասին: Նա ներկայացրել է ոլորտում առկա իրավիճակը, զարգացման տեմպերը և նախարարության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնք ուղղված են ոլորտի զարգացմանը:

«Երևի թե չկա մեկ այլ ոլորտ, որն իր արդյունքով անդրադառնում է ոչ միայն քաղաքացիների կյանքի որակի, այլև տնտեսության մյուս ճյուղերի վրա: Այդ առումով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը համարվում է գերակա ճյուղ ինչպես ՀՀ կառավարության հռչակմամբ, այնպես էլ իր բնույթով և ընկալմամբ», – նշել է Դավիթ Սահակյանը:

Նշված համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների մասին պետական աջակցության մասին» օրենքի նախագծի ընդունումը, որոնք պատրաստ կլինեն 2024 թ. առաջին կիսամյակում: Դավիթ Սահակյանի խոսքով՝ նշված փաստաթղթերն ուղղված են լինելու երկրի և բարձր տեխնոլոգիական ընկերությունների կարողությունների բացահայտմանը, դրանց գույքագրմանն ու համապատասխան թիրախային աջակցություն ցուցաբերելուն:

Դավիթ Սահակյանը խոսել է նաև ՏՏ ոլորտի շրջանառության աճի և ստարտափ էկոհամակարգի զարգացման բարձր տեմպերի մասին՝ նշելով, որ նախորդ տարի ՏՏ ոլորտն ունեցել է մոտ 555 մլրդ ՀՀ դրամի շրջանառություն, իսկ 2023 թ. 10 ամիսների տվյալներով՝ ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմել է 536 մլրդ ՀՀ դրամ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը խոսել է կառույցի գործառույթների, իրականացվող ծրագրերի, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների և օրենսդրական փոփոխությունների մասին: Արտյոմ Մեհրաբյանը նաև հայտնել է, որ այս տարվա ընթացքում Ռազմարդյունաբերության կոմիտեն մասնակցել է պաշտպանական և անվտանգության թեմաներով անցկացված երկու միջազգային ցուցահանդեսի՝ «ԱՅԴԵՔՍ 2023»-ին և «ԷԴԵՔՍ 2023»-ին:

Միջոցառման շրջանակներում Դավիթ Սահակյանը և Արտյոմ Մեհրաբյանը նաև մասնակցել են ՄԱՀՀԻ Ժողովրդավարության երեկոյան դպրոցի շրջանավարտների վկայականների հանձնման արարողությանը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը