Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:32 07-05-2023

Պարզվեց՝ տղաս շատ ուժեղ է, իսկ բժիշկներն՝ ուղղակի հրաշագործ․ ընթերցողի հուզիչ նամակը

Oragir.News-ի ընթերցողն անչափ հուզիչ նամակ է ուղարկել, որը հրապարակում ենք ստորև․

«Ապրիլի 18-ին ծննդաբերության սկիզբը նախանշող կծկանքներ զգացի, գնացի հիվանդանոց, որտեղ ասացին, որ տղաս պատրաստվում է լույս աշխարհ գալ ։ Կծկանքները գնալով ավելի էին ուժգնանում, ճիշտ է, անձայն դիմանալն արդեն անհնար էր, բայց հրաշքի սպասումը ստիպում էր դիմանալ։

Նախապես բոլոր հետազոտություններն անցել էի, և բժիշկներն այդ 9 ամիսների ընթացքում որևէ խնդիր չէին նկատել, հղիությունս անցել էր իմ սպասածից ավելի թեթև և պատկերացնել անգամ չէի կարող, որ կարող են հրաշք ունենալն ու նրան կորցնելու վախը կողք կողքի կանգնել։

Տղաս ծնվեց ապրիլի 19-ին։ Սկզբում ամեն ինչ լավ էր, որդուս ներկայությունն էի վայելում` մոռացած բոլոր ցավերը։ Բայց եղավ անսպասելին․․․

Ծննդաբերելուց շատ չանցած զգացի, որ բժիշկները խառնվել են իրար, ինչ-որ բան այն չէր, դա արդեն պարզ էր։ Որոշ ժամանակ անց եկավ բժիշկս ու հայտնեց․ «Ծնվել է նորածնային թոքաբորբով, վիճակը ծայրահեղ ծանր է ու անհրաժեշտ է շտապ տեղափոխել Երևան»։

Կյանքը մի պահ կանգ առավ, թվում էր՝ կենդանի չեմ, չեմ շնչում, էլ չեմ հիշում ինչ ասացին դրանից հետո, ոչինչ չեմ հիշում․․․

Մեկ էլ հիշում եմ, որ ասացին` կապ են հաստատել Երևանի բժիշկների հետ և ռեանոմոբիլով նրանք ժամանում են Գորիս՝ տղայիս տեղափոխելու, քանի որ Գորիսում չկան անհրաժեշտ սարքավորումներ, իսկ նրա կյանքի համար կարևոր է ամեն վայրկյանը։ Ձևակերպեցիքն փաստաթղթերը ու ապրիլի 19-ին՝ արդեն կեսօրից հետո Երևանից ժամանած բժիշկները նախ մեկ անգամ ևս հետազոտեցին տղայիս, նշեցին, որ վիճակը ծանր է և տեղափոխեցին Երևան։

Տեղս չէի գտնում, կիսատ էր թվում ամեն ինչ․․․

Երեկոյան արդեն բժիշկները տղայիս հասցրել էին Երևան՝ Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունք։ Նրան անմիջապես միացրել են շնչառական սարքավորումներին, իսկ որոշ հետազոտություններից հետո ախտորոշումը հաստատել՝ երկկողմանի թոքաբորբ է։ Աչքիս ոչինչ չէր երևում, միայն աղոթում էի, արցունքն աչքերիս` աղոթում․․․

Հաջորդ օրը բժիշկները նշեցին, որ տղայիս վիճակի մասին հստակ ինչ-որ բան ասել դեռ չեն կարող, անհրաժեշտ է սպասել մի քանի օր՝ հասկանալու համար՝ ինչ ազդեցություն է ունենում բուժումը։

Անցավ մի քանի օր․․․ օրեր, որոնք դեռ երբեք այդքան երկար չէին թվացել ինձ․ ժամն առաջ չէր գնում։ Լույսը բացվելուն պես շտապում էինք հիվանդանոց` նորություն իմանալու, բայց պատասխանը մեկն էր` պետք է սպասել։ Մի քանի օր անց, երբ ամուսինս խոսեց տղայիս բուժող բժշկի՝ Իգոր Բենգուրովիչի հետ, վերջինս ասաց՝ հստակ պատասխան կտա միայն բուժման 10-րդ օրը, իսկ երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց դրական տեղաշարժ կա։

Երբ լսեցի դրական տեղաշարժի մասին, անմիջապես խնդրեցի բժշկին դուրս գրել ինձ հիվանդանոցից և շտապեցի Երևան։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացում էր պատել ինձ․ սիրտս կարծես դուրս էր գալիս տեղից, վախ, հուզմունք, ամեն ինչ խառնվել էր իրար, այդքան մոտ եմ տղայիս, բայց իմ գրկում չէ նա․․․ արտասվում էի անզորությունից։

Բժիշկների ջանքերի ու ժամանակին ու ճիշտ նշանակված բուժման արդյունքում տղայիս առողջական վիճակը գնալով սկսեց բարելավել։ Հայտնեցին ադքան սպասված լուրը՝ կարող եմ տեսնել տղայիս։ Զգացի՝ սիրտս նորից արագ է բաբախում, բայց այս անգամ արդեն տղայիս նորից տեսնելու անհագ սպասումից։ Չեմ հիշում` ինչպես եմ լուսացրել գիշերը, հիվանդանոց կանչել էին կեսօրին, իսկ ես և ամուսինս լուսաբացին արդեն հիվանդանոցի մուտքի մոտ էինք։

Նշված ժամին արդեն հիվանդանոցում էի, փորձում էի արագ քայլել, բայց ոտքերս ախր առաջ չէին գնում, սպասումն ու վախը միախառնվել էին իրար, թվում էր թե տեղ չեմ հասնի․․․ բայց րոպեներ անց ես նրա կողքին էի։ Ինքս ինձ ասում էի՝ կսպասեմ, որքան պետք է, միայն տղաս առողջ լինի։ Մի քանի օր շարունակ այցելում ու շատ կարճ ժամանակ տեսակցում էի որդուս, ու մի օր էլ բժիշկն ասաց` եթե գիշերը լավ լինի, կտեղափոխվեք պալատ։ Հաջորդ օրն արդեն պալատում էի որդուս հետ։ Տղաս, պարզվեց, շատ ուժեղ է, իսկ բժիշկները` պարզապես հրաշագործ։ Սպասվածից էլ կարճ ժամանակում կարողացան տղայիս վերադարձնել ինձ` հետ տվեցին կյանքս։ Հիմա կարող եմ հաստատ ասել` դրանից ավելի երջանիկ բան աշխարհում գոյություն չունի։

Մի քանի օր էլ պալատում մնալուց հետո, երբ արդեն բժիշկը վստահ էր, որ որդուս կյանքին վտանգ չի սպառնում, ասաց՝ պատրաստվեմ դուրսգրման։

Դաժան օրեր էին, անգամ հիշելը ստիպում է ինձ սարսռալ, բայց այսօր ես երջանիկ եմ, ես ինձ այլևս ամբողջական եմ զգում..

Մայիսի 5-ին դուրս գրվեցինք հիվանդանոցից։ Տղաս տանն է, մեր կողքին․․․։ Ես երախտապարտ եմ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ողջ անձնակազմին՝ տղայիս փրկելու և ինձ երկրորդ կյանք վերադարձնելու համար։ Աստված Ձեզ պահապան, վարձքներդ ի կատար»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան