copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 12:00 12-11-2022

Այս գավառամտության խորացումը կործանարար կլինի

Երկու տարի առաջ այս օրը վերադառնում էի Արցախից՝ վերջին անգամ Քարվաճառի ճանապարհով։ Կանգ առանք մի սրճարանում։ Նստեցինք սրահի ձախ մասում․ աջ հատվածի տանիքն արդեն քանդում էին, բարձում բեռնատարը՝ տուն-տեղը լքելու համար տրված վերջին երկու օրերն էին։ Սրճարանատերը մոտեցավ մեզ, ասաց, որ չվճարենք սուրճի համար՝ ցույց տալով մեր զինվորական համազգեստները։ Ես հայացքով ցույց տվեցի քանդվող տանիքի կողմը, իսկ ինքը ձեռքը թափ տվեց, թե՝ դուք կապ չունեք, դուք ձերն արել եք․ ու գլուխը կախ հեռացավ։ Իր կոկորդը սեղմված էր՝ վզի մկանները տրաքելու չափ լարված, իմ սիրտը պայթում էր։ Ես այդ պահին մտածում էի, որ ավելի վատ լինել չի կարող։

Այսօր վերադառնում եմ Արցախից Բերձորը մեզնից ժամ առաջ վերցնելու համար ադրբեջանցիների կառուցած ժամանակավոր ճանապարհով ու արդեն հաստատ գիտեմ՝ ավելի ու ավելի վատ լինում է, և կա շատ մեծ հավանականություն, որ դեռ կլինի։ Հայաստանում ու Արցախում բազմապատկվում են խնդիրները՝ հողի, աղբյուրների կորուստը լրջագույն դժվարություններ է ստեղծել գյուղատնտեսների համար, տարիների վաստակի փոշիացումն անհուսությամբ է համակել, սեփական երկրում ամենուր վտանգված լինելու զգացումը, թշնամու ամենօրյա սադրանքները, կրակոցներն ու ծաղրը թույլ չեն տալիս հանգիստ շնչել, և անամոքելին՝ հազարավոր երիտասարդների կորուստը, անվերադարձ դառնացրել է հացը։ Արցախցին, այո, ապրում է իր հողում, փորձում լուծել խնդիրները, բայց առայժմ հաջողվում է լուծել միայն որոշ սոցիալ-տնտեսական հարցեր։

Հանուն պատերազմի դադարի ընդունված խայտառակ հայտարարությունը բնավ էլ վերջ չբերեց պատերազմին։ Երկու տարի առաջվա պայմանավորությամբ ընդունված մեր կորուստներն ամիս առ ամիս ավելացան՝ մի քիչ Ակնայից, մի քիչ Ասկերանից, մի քիչ Հադրութից, մի քիչ Սյունիքից, մի քիչ Գեղարքունիքից, մի քիչ Վայոց Ձորից․․․ Եվ այս ամենը, կարծես, վերջ չունի, քանի որ առկա համակարգը փոխելու համար միակամ մարդկանց միասնականություն է պետք, որ չկա։ Փոխարենը կան նոր տարանջատումներ ու հին տարանջատումների խորացումներ։ Հիմնականում երկուսն են՝ ներկա-նախկինները (սև-սպիտակները) և ղարաբաղցի-հայաստանցիները։

Ես՝ հայս Արցախից ու Հայաստանից, իմ հայրենիքի երկու հատվածում էլ ժամանակ առ ժամանակ տեսել եմ գավառամիտ տխմարների հեգնանք-արհամարհանք-մեղադրանքներ։ Ես սիրում եմ Արցախում ներկայանալ երևանցի, Երևանում՝ արցախցի՝ մի տեսակ կապող օղակ։ Բայց երբեմն էլ ունկնդիրն եմ այնպիսի ընդհանրական մեղադրանքների՝ երկու կողմում էլ, որ միայն մի բանի՝ դիմացիններիս անհիմն-անգրագետ-չարության մասին է վկայում։ Դա, այո, միշտ է եղել։ Բայց հիմա առավել ծանր է տեսնել դրա դրսևորումները, քանի որ հուզական ֆոնի վրա այդ ծանր մեղադրանքներն առավելագույնս բուռն են, խորանալու դեպքում՝ կործանարար։

Տկարամիտների ենթագիտակցության մեջ քաղաքական որոշակի տեխնոլոգիաներով տպավորել են մի քանի արտահայտություն, որ երկու կողմն էլ կրկնում է՝ առանց փաստարկներ փնտրելու ու դիմացինին լսելու՝ «ղարաբաղյան կլանը ծախեց Հայաստանը», «Հայաստանը ծախեց մեր հողերը, հիմա էլ ծյեռքերը լվացալ ա», «ղարաբաղցիք պատերազմի ժամանակ Երևանի ռեստորաններում պարում էին», «լյոխ հայաստանցեք ասում ըն՝ Ղարաբաղը տանք-պրծնինք», «բայց ղարաբաղցիք ուզո՞ւմ են, որ մենք իրենց հետ լինենք, իրենք ռուսին են ուզում», «նիկոլը մեր հողերը տվեց, հայաստանցեք ընտրալ ըն նիկոլին, հայաստանցեք մեղավեր ըն, վըեր մունք մեր տոնը կուրցրալ ընք»։ Եվ այս նույնը երկրորդ, երրորդ, տասներորդ անգամ՝ ավելի ու ավելի բարձր։ Ինչ-որ պահի անպայման սկսում են հաշվել , թե որ պատերազմին, որ հատվածից է ավելի շատ զոհ եղել․ «տոկոսով նայեցեք՝ կուճիր Արցախը քանի զոհ ա տվալ», «թվով նայեք, Եռաբլուրի դրոշներին նայեք», «ստղա էլ կան Եռաբլուրում»․․․ չափվում են վշտի աստիճանով։

Ես վստահ եմ՝ մի օր նման ապուշ թեզերով իրար են ապտակել նաև ռուսներն ու ուկրաինացիք՝ հեռավոր մի օր, գուցե երեսուն տարի առաջ։ Հետո կանգ չեն առել, նոր ու հետաքրքիր բառեր են գտել իրար խոցելու համար։ Խոսքերը երբեմն էլ բռունցքներ են դարձել՝ դաջել մոտեցումները դիմացինների դեմքին։ Ու մի օր էլ հայտնվել են լիովին լեգիտիմ հիմքեր իրար գլխի արկեր թափելու՝ սլավոնական երկու ժողովրդով իրար կոտորելու համար։

Իսկ մենք մի օր կանգ կառնե՞նք։ Միմյանց տասով-զրո պատասխանելուց վեր նպատակ կդնե՞նք։ Կլցնե՞նք հնարամիտ քաղտեխնոլոգիայով փորված այս անդունդը մեր սրտի վրա ծանրացած քարերով, միմյանց սիրելու աներեր որոշումով։ Եթե կանգ չառնենք, ինձ համար ակնհայտ է, որոշակի «բարեկամների» դարակներում թխվող այս մոտեցումները մեզ մի օր կհասցնեն նաև բախումների։ Մեզ տարանջատող ծրագրերը չեն դադարելու, մեզ բաժանող արտահայտությունների պակաս երբեք չի լինելու՝ դրանք հնարելու համար ոմանք լուրջ գումարներ են ստանում…

Մնում է այստեղ՝ ներքևում, լինել ողջախոհ ու ․․․ կանգ առնել։ Մեր փոքրիկ ներուժը միավորել է պետք՝ առանց այդ էլ մենակ ենք, մենակ ենք գայլերի մեջ։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում