copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:41 02-11-2022

«Ֆեյսբուք»-ը նոյեմբերի 1-ից սահմանափակել է ֆիզիկական անձանց կողմից դրամահավաք կազմակերպելու հնարավորությունները

Խնդրահարույց համարելով ֆիզիկական անձանց նախաձեռնած դրամահավաքները՝ «Ֆեյսբուք»-ը իր հարթակում նոյեմբերի 1-ից սահմանափակել է դրամահավաք կազմակերպելու հնարավորությունները:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է՝ հարթակը խնդիրներ է տեսել ֆիզիկական անձանց նախաձեռնած դրամահավաքները վերահսկելու գործում:

«Հարթակը չի ուզում պատասխանատվություն կրել ֆիզիկական անձանց համար: Եթե դրամահավաքն իրականացնում է կազմակերպությունը, ապա ինչ-որ չափով «Ֆեյսբուք»-ը հրաժարվում է պատասխանատվությունից՝ այն թողնելով կազմակերպության վրա: Այս միջոցով վերահսկումն ավելի լավ է ստացվելու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում, նշել է Մարտիրոսյանը:

Հայաստանում «Ֆեյսբուք»-ի հարթակում դրամահավաքներ են իրականացվում հիմնականում բարեգործական, առողջապահական և ռազմական նպատակներով: Մասնագետի համոզմամբ՝ Հայաստանը դրամահավաքներ իրականացնելու այլ հարթակներ ունի, սակայն դրանք հանրությանն ավելի հասանելի դարձնելու ու զարգացնելու կարիք կա:

««Ֆեյսբուք»-ի հնարավորություններն ունեցող այլընտրանքային հարթակ այս պահին չկա: Բայց ամեն դեպքում պետք է մտածել սեփական հարթակների զարգացման մասին»,- ասել է Մարտիրոսյանը:

«Ֆեյսբուք»-ի հարթակում մի քանի խոշոր դրամահավաք կազմակերպած «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը ընդգծում է՝ ֆեյսբուքյան դրամահավաքները հատկապես մեծ թափ ստացան 44-օրյա պատերազմից հետո: Հարթակը հարմար էր արագ դրամահավաք կազմակերպելու համար:

«Դեռևս 2020 թվականի մարտից՝ նախքան Արցախյան վերջին պատերազմը, «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը սկսեց բանակցել աշխարհում առաջատար դրոնաշինական ընկերության՝ DJI-ի հետ, որպեսզի կարողանա Հայաստան ներմուծել նրա առաջատար STEAM կրթության ժամանակակից լուծումները։ Դրա համար հարթակում դրամահավաք կազմակերպեցինք:

Երկրորդ դրամահավաքը Կարեն Վարդանյանի անվան «դրոնների օդանավակայան» կառուցելու նպատակով էր: Հետագայում ավելի փոքր ծավալի դրամահավաքներ ենք կազմակերպել»,- պատմել է նա:

Վերջինս նշեց՝ սահմանափակման հետևանքով հետաքրքիր նախագծերին և ծրագրերին արագ արձագանքել չի հաջողվի. դրամահավաքների գործընթացը դանդաղելու է:

Չնայած առկա խնդիրներին՝ «ռեԱրմենիա» հարթակն առաջարկում է այլընտրանք՝ հնարավորություն տալով այս կամ այն ծրագրի վերաբերյալ դրամահավաքները իրականացնել իրենց օգնությամբ: «Ֆեյսբուք»-ի սահմանափակումները ստիպել են վերակազմակերպել ընկերության գործիքակազմը:

«Մշակել ենք հեշտացված ընթացակարգ այն անձանց համար, ովքեր դրամահավաքներն իրականացնում էին «Ֆեյսբուք»-ում: Նախագիծը մանրամասն ուսումնասիրելուց հետո եռօրյա ժամկետում հաստատում ենք այն: Եթե «Ֆեյսբուք»-ը այս կամ այն նախագծի դրամահավաքից միջնորդավճար էր պահանջում, ապա մեր հարթակում հավաքված ողջ գումարը մնում է նախագծին»,- նշեց «ռեԱրմենիա» հարթակի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանը:

Հարթակը եռալեզու է, նախագծի հաստատումից հետո դրա հեղինակի կամ հեղինակների հետ աշխատում է կազմակերպության կողմից նշանակված անձը, ով համակարգում, վերահսկում է նախագիծը և ամբողջ պրոցեսը:

Ամենից շատ դիտված

18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
20:50 Սոֆի Դևոյանն ու Կիմ Առաքելյանը՝ Մալդիվներում. պարուհին անկեղծացել է տագնապային ապրումները հաղթահարելու մասին