Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:51 04-10-2022

Ադրբեջանը և Իսրայելը մտադիր են խորացնել ռազմական փոխգործակցությունը


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Բենիամին Գանցի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ Հասանովը ընդգծել է երկկողմ գործընկերության բարձր մակարդակը։ Նրա խոսքով` երկկողմ համագործակցությունը նշանակալի դեր ունի ոչ միայն Ադրբեջանի և Իսրայելի զարգացման, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գանցն իր հերթին ընդգծել է երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։ Վերջինս այս համատեքստում կարևորել է նման հանդիպումների անցկացումը։

Բացի այդ կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, տարբեր մակարդակով աշխատանքային հանդիպումների կազմակերպումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: