copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 17:05 04-08-2022

Կարեն Գիլոյանն ընդունել է Եվրոպական համալսարանական խաղերում մեդալներ նվաճած մարզիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրընկալել է Եվրոպական համալսարանական խաղերում մեդալներ նվաճած հայ մարզիկներին:

Հիշեցնենք՝ Լեհաստանի Լոձ քաղաքում անցկացված Եվրոպական համալսարանական 6-րդ խաղերում Հայաստանը 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել:

Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել էր Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Դավիթ Մակյանը՝ կարատե մարզաձևի կումիտե մրցակարգի մինչև 75 կգ քաշային կարգում դառնալով ոսկե մեդալակիր։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Գևորգ Բեգլարյանն էլ երրորդ տեղն էր զբաղեցրել և բրոնզե մեդալ էր նվաճել պարա սեղանի թենիս մարզաձևում:

Բացի մեդալակիր մարզիկներից՝ հանդիպմանը ներկա են եղել նաև նրանց անձնական մարզիչները՝ Արման Մակյանն ու Մեսրոպ Ղուկասյանը, հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին բարձր արդյունքների կապակցությամբ՝ նրանց մաղթելով հետագա հաջողություններ. «Շնորհակալ եմ լավ մասնակցության համար: Շնորհավորում եմ: Պետք է փորձենք հաջորդ խաղերի համար ավելի մեծ պատվիրակություն ուղարկել, և այս մրցումները ևս ներառել մեր օրացուցային պլանում: Գիտեմ, որ Հայաստանին է վստահվել 2025 թվականի Եվրոպայի շախմատի համալսարանական առաջնության անցկացումը: Ամեն ինչ կանենք՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար, իսկ մինչ այդ կապահովենք մեր թիմերի մասնակցությունը հաջորդ տարի կայանալիք Եվրոպական խաղերին»:

Եվրոպական համալսարանական խաղերի մասնակիցները փաստել են՝ մրցումներն անցկացվել են շատ բարձր մակարդակով:

«Իսկապես շատ մեծամասշտաբ և լուրջ մրցումներ էին: Մեզ համար էլ էր ինչ-որ առումով անսպասելի: Ամեն դեպքում, 6 մարզիկով 2 մեդալ նվաճեցինք, ինչը կարծում եմ՝ լավ արդյունք է»,- ասել է Դավիթ Մակյանի անձնական մարզիչ Արման Մակյանը:

Եվրոպական համալսարանական խաղերի ոսկե մեդալակիր Դավիթ Մակյանը 5 տարեկանից զբաղվում է սպորտով, Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր է, Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմում ևս մասնակցել է Եվրոպայի առաջնության և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: Այդուհանդերձ, ուսանողական մակարդակում սա նրա առաջին մրցումն էր:

«Խաղերին մասնակցում էին տարբեր երկրների ազգային հավաքականների մարզիկներ, որոնց հետ մրցակցել էինք Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների ժամանակ: Անցկացրել եմ 5 բավականին բարդ մենամարտեր: Ուրախ եմ, որ կարողացա հաղթող դառնալ և ցույց տալ այն ամբողջ աշխատանքի արդյունքը, որ մինչ այս կատարել էի»,- նշում է Դավիթ Մակյանը:

Մակյանը ԵՊԲՀ 5-րդ կուրսի ուսանող է, ասում է, որ մեծ ցանկության դեպքում միանգամայն իրատեսական է ուսումն ու սպորտը համատեղելը. «Ամեն ինչ հնարավոր է, պարզապես ցանկություն է պետք: Բժշկական կրթությունն էլ հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու քո օրգանիզմը և գիտականորեն պարապելու»:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Գևորգ Բեգլարյանը ևս առաջին անգամ է համալսարանական նմանօրինակ մեծամասշտաբ մրցման մասնակցել:

«Շատ տպավորված եմ ինչպես իմ առաջին մասնակցության, այնպես էլ եվրոպական մրցասպարեզում առաջին մեդալը նվաճելու կապակցությամբ: Շատ ուրախ եմ: 5 խաղ անցկացրեցի, տարա 3 հաղթանակ ու կրեցի 2 պարտություն: Կարող էի նաև առաջին կամ երկրորդ տեղերին հավակնել, բայց մի փոքր լարված էի, ու դա ինձ խանգարեց»,- պատմում է Գևորգ Բեգլարյանը:

Գևորգ Բեգլարյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, Հայաստանի պարա սեղանի թենիսի հավաքականի անդամ, 2018 թվականի Եվրոպայի առաջնությանն էլ զբաղեցրել է 8-րդ տեղը:

Հիշեցնենք՝ Եվրոպական համալսարանական խաղերին այս տարի 38 եվրոպական երկրների 450 համալսարանների 5000 պատվիրակներ են մասնակցել, իսկ մրցումներն անցկացվել են 20 մարզաձևերից:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը