Մրգի և բանջարեղենի խանութներում միջատասպան աերոզոլերի (դիխլոֆոսի) կիրառման շուրջ բարձրացած աղմուկը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում:
Մինչ որոշ մասնագետներ փորձում են հանգստացնել սպառողներին, թե նյութն արագ ցնդող է և լվանալուց անցնում է, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը խնդրին լրիվ այլ՝ սպառողի անվտանգության և պետական վերահսկողության տեսանկյունից է նայում:
Ըստ փորձագետի՝ իրավիճակը ցույց է տալիս մեր երկրում առկա խորքային խնդիրները, որտեղ ռիսկերը կա՛մ չափազանցվում են, կա՛մ անպատասխանատու կերպով նվազեցվում:
Բաբկեն Պիպոյանը շեշտում է, որ ցանկացած քիմիական նյութ ունի կիրառման հստակ կանոններ, և չի կարելի առաջնորդվել անհիմն ենթադրություններով, երբ խոսքը վերաբերում է սննդամթերքին։
«Մեր երկրում կամ բոլոր ռիսկերը մեղմում են, կամ խտացնում: Դիխլոֆոսի վրա հստակ նշված է, որ տարածքը մշակելիս այն պետք է մթերքներից հեռու պահել: Էդտեղից հետևություն. արտադրողն ասում է՝ հեռու պահեք սննդի հետ կապ ունեցող ամեն ինչ, իսկ մենք տարատեսակ ենթադրություններ ենք: Արտադրողը թույլ տալի՞ս է փչել դա մթերքի վրա՝ էդ սկզբունքով»,-
Oragir.News-ի հետ զրույցում հարցադրում է անում Պիպոյանը։
Անդրադառնալով այն պնդումներին, թե «
ոչինչ չի լինի, ջրով կլվացվի»՝ Պիպոյանը բերում է պատկերավոր համեմատություն. «Այդ տրամաբանությամբ՝ եթե թատերական շոուների ժամանակ ասում են՝ կրակի միջով անցեք, բան չի լինի, ուրեմն պետք է գնանք ու կրակի՞ մեջ նետվենք: Կամ եթե ասում են՝ եկեք կանգնեք, թուրը մտցնենք ձեր մարմնի մեջ, բան չի լինի, ուրեմն պետք է գնանք ու կանգնե՞նք: Չի կարելի արտադրողի արգելքը փոխարինել սեփական ենթադրություններով»:
Փորձագետի խոսքով՝ խնդիրն ավելի գլոբալ է և կապված է պետական վերահսկողության բացակայության ու լիազոր մարմինների անգործության հետ: Նա նշում է, որ դիխլոֆոսը չի կարելի համեմատել դաշտերում օգտագործվող գյուղատնտեսական քիմիկատների հետ, քանի որ վերջիններս օրինականորեն թույլատրված են, և խնդիրը միայն դրանց չափաբաժինն է:
«Մենք այնպիսի բարդակ կառավարման համակարգ ունենք, որ փորձագիտական միտքը անգամ դժվար է հայտնել: Ինչո՞ւ, որովհետև նախ չի կարելի դիխլոֆոսը համեմատել այն թունաքիմիկատների հետ, որոնցով աճեցվում է միրգ-բանջարեղենը: Դա չարգելված թունաքիմիկատ է, ուրիշ բան է, թե ինչ չափաբաժնով են օգտագործում: Հաճախ չարաշահման արդյունքում ունենում ենք նաև ռիսկեր: Եթե իրականում ունենայինք նորմալ պետական վերահսկողություն, նորմալ ռիսկերի գնահատում և կառավարում, մենք այսօր հանգիստ կխոսեինք այն խնդիրների մասին, որոնք ունենք»,- ասաց մեր զրուցակիցը:
«Մեր լիազոր մարմինները չեն հասկացել, որ իրենց մարմնի գործունեության մասին պարզ լուսաբանումը և իրական ռիսկի հաղորդակցումը դրանք էականորեն տարբեր բաներ են»,- նշեց նա։
Այսպիսով, քանի դեռ պետական մակարդակով չկա սննդի շղթայի հստակ վերահսկողություն, սպառողը մնում է պաշտպանված միայն սեփական զգուշության հույսին: Իսկ առաջնային կանոնը մեկն է՝ եթե արտադրողն արգելում է քիմիայի շփումը սննդի հետ, ապա ոչ մի խանութպան կամ վաճառող իրավունք չունի վտանգելու քաղաքացիների առողջությունը՝ հույսը դնելով «տանը կլվանան» կենցաղային մոտեցման վրա: