Ծաղկաձոր քաղաքում իրականացվող շուրջ 45–50 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման նախագիծն իրականացնող ընկերության հիմնադիրների ու բաժնետերերի կազմում ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել։
Ըստ պաշտոնական էլեկտրոնային ռեգիստրի և
karg.am բիզնես պորտալի թարմ տվյալների՝ «ՊԱԼԼԱԴԱ ԾԱՂԿԱՁՈՐ» ՍՊԸ-ի բաժնեմասերն այժմ բաշխված են հետևյալ կերպ.
Լեվան Չիկովանի-50%,
Ռոբերտ Գալուստյան-25%,
Ռուստամ Ենոքյան- 25%։

Նկատենք, որ այս պատկերը զգալիորեն տարբերվում է ընկերության հիմնադրման սկզբնական փուլերից, երբ նախագծի շուրջ կենտրոնացած էին քաղաքական ու գործարար շրջանակներին մոտ կանգնած մի շարք հանրահայտ անձինք։
Հիշեցնենք՝ մամուլի հրապարակումների, ընկերության սեփականատերերի կազմում տարբեր ժամանակահատվածներում ներգրավված են եղել հետևյալ անձինք՝ Էդգար Ավագյան․ նա հանրությանը հայտնի է որպես ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը և մտերիմ ընկերը։ Ավագյանը նախկինում աշխատել է հեռուստաընկերություններում որպես մենեջեր և ներգրավված է եղել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» ընկերությունում։
Oragir.News-ն իր հրապարակումներից
մեկում անդրադարձել է այս թեմային։ Չնայած կառուցապատման ոլորտում նախկինում փորձ չունենալուն, նա ձեռք էր բերել համալիրի 25% բաժնեմասը (շուրջ 12.5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ակտիվ)։ Մամուլում տեղ գտած քննադատական հոդվածներից հետո Ավագյանը դուրս է եկել ընկերության իրավաբանական սեփականատերերի կազմից:
Հաջորդը՝ Ռոբերտ Գալուստյանն է։ Գործարար աշխարհում հայտնի է «Բենզին Ռուբո» մականունով։ Նա վառելիքի ներկրմամբ զբաղվող «Ռան Օյլ» (Ran Oil) ընկերության հիմնադիրն ու նախկին սեփականատերն է։ Գալուստյանը նախագծի սկզբնական փուլում (2022թ.) գրանցված է եղել որպես բաժնետեր, այնուհետև որոշ ժամանակով դուրս է եկել կազմից, իսկ այժմ, ըստ պաշտոնական տվյալների, կրկին տնօրինում է ընկերության 25%-ը։ Նրա ակտիվ գործունեությունը վկայում է, որ գործարարը շարունակում է անխոչընդոտ աշխատել ներկայիս բիզնես միջավայրում։
Ընկերության 50% բաժնեմասի տնօրինող Լեվան Չիկովանին Վրաստանի քաղաքացի է, ով ըստ լրատվամիջոցների՝ բիզնես կապեր ունի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի և մերձավորների հետ (որպես դստեր գործընկեր):
Կարեն Դավթյան (Նախկին ներկայացուցիչ/փոխկապակցված անձ) Երևանի նախկին փոխքաղաքապետն է, ում անունը ևս հետաքննություններում կապվում էր նախագծի սկզբնական կառուցվածքի, ներկայացուցչության և վարչական աջակցության հետ։

Չնայած այս բոլոր փոփոխություններին՝ համալիրի կառուցումը շարունակվում է։ Սեփականատերերի ներկայիս եռյակը՝ Լեվան Չիկովանին, Ռոբերտ Գալուստյանը և Ռուստամ Ենոքյանը, փաստացի ավարտին են հասցրել բիզնեսի վերակառուցումը և այժմ միասին են տնօրինում նախագիծը։