copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 20:21 11-09-2026

Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․

«Մարզային տրանսպորտի մուտքը Երևան սահմանափակելով՝ մայրաքաղաքի խցանումների խնդիրը ոչ միայն չի լուծվելու, այլև քաղաքացիների համար ստեղծվելու են նոր խնդիրներ՝ հանրային տրանսպորտի գերծանրաբեռնվածություն, ճանապարհին ավելի շատ ժամանակ անցկացնելու անհրաժեշտություն և տրանսպորտային ծախսերի ավելացում։

Առավել ևս, պետք է հաշվի առնել, որ մարզերից Երևան եկող տրանսպորտից մեծապես օգտվում են ուսանողները, աշխատողները և համեմատաբար ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները։ Մարզային տրանսպորտը Երևան չթողնելու դեպքում նրանք ստիպված են լինելու ճանապարհի մի հատվածը հաղթահարել մեկ տրանսպորտային միջոցով, ապա՝ Երևանում, օգտվել մեկ այլ տրանսպորտից։ Այսինքն՝ նրանց համար ստեղծվելու է ոչ միայն լրացուցիչ ժամանակային, այլև ֆինանսական ծանրաբեռնվածություն։

Կես միլիոնից ավելի ավտոմեքենաների առկայության պայմաններում մի քանի հարյուր մարզային մեքենաների մուտքը սահմանափակելով՝ կարծել, թե դրանով հնարավոր է լուծել Երևանի խցանումների խնդիրը, առնվազն անհեռատես մոտեցում է։

Իսկ խցանումների խնդիրը գրագետ լուծումներ ունի, բայց այն վերջնականորեն չի կարգավորվում, որովհետև կա մեկ հիմնավոր պատճառ․ քաղաքային կառավարումը տապալած իշխանությունը»։

Ամենից շատ դիտված