copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 19:06 11-09-2026

Վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետը հեռանում է պաշտոնից

Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերջերս աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։ Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնում։ Այդ մասին իր Ֆեյսբուքի իր էջում գրել է Մանվել Քեշիշյանը:

«Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերին, միացա վարչապետի աշխատակազմին, իսկ նոյեմբերին ստանձնեցի նորաստեղծ ռազմավարական հաղորդակցության վարչության ղեկավարումը։

Ինձ համար սա առաջին հերթին զրոյից նոր կառույց ստեղծելու, մեծ ներուժ ունեցող վարչություն կառուցելու և արդյունավետ համակարգեր ձևավորելու մասին էր։ Զրոյից սկսելը հեշտ չէ, բայց մասնագիտական առումով նաև չափազանց հետաքրքիր է, երբ հնարավորություն ունես ձևավորելու մոտեցումներ, գործընթացներ և աշխատանքի մշակույթ։

Այս ամիսների ընթացքում, պետական հաղորդակցության համար բարդ ու կարևոր ժամանակաշրջանում, մեծ աշխատանք է արվել։ Հրապարակվել են տասնյակ ուսումնասիրություններ և մասնագիտական նյութեր, մեկնարկել են պետական հաղորդակցության համակարգի զարգացմանն ուղղված մի շարք գործընթացներ, ձևավորվել են կարևոր տեղական և միջազգային համագործակցություններ, իրականացվել են վերապատրաստումներ և կարողությունների զարգացման ծրագրեր և այլն։

Ինձ համար ամենակարևոր արդյունքն այն է, որ ստեղծվել է ամուր հիմք՝ Հայաստանում պետական ռազմավարական հաղորդակցության հետագա զարգացման համար։ Կարևոր է ոչ միայն այն, ինչ հասցնում ես անել, այլև այն հիմքը, որի վրա հնարավոր կլինի շարունակել կառուցել։

Ուրախ և հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել լինել այս վարչության առաջին պետը և իմ ներդրումն ունենալ դրա ձևավորման մեջ։ Ինձ համար առանձնահատուկ կարևոր էր նաև տարիների ընթացքում ձեռք բերած մասնագիտական փորձն ու գիտելիքները պետական ծառայության մեջ կիրառելու հնարավորությունը։ Դա մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն։

Շնորհակալ եմ վարչապետի աշխատակազմի և պետական կառավարման համակարգի բոլոր գործընկերներին։ Առանձին շնորհակալություն պետական գերատեսչությունների խոսնակներին և հաղորդակցության պատասխանատուներին, մեր մեդիա գործընկերներին, ինչպես նաև տեղական ու միջազգային գործընկերներին՝ համագործակցության և վստահության համար։ Ամենամեծ շնորհակալությունս իմ թիմինն է։ Հրաշալի մասնագետներ և հրաշալի մարդիկ։ Եթե այսօր նորից թիմ հավաքելու հնարավորություն ունենայի, նույն մարդկանց կընտրեի։

Ռազմավարական հաղորդակցությունն այսօր պետական կառավարման անկյունաքարային ուղղություններից է։ Այն պետության կարողության մասին է՝ հասկանալու իր լսարանին, բացատրելու իր քաղաքականությունն ու որոշումները, ձևավորելու վստահություն և դիմակայելու տեղեկատվական սպառնալիքներին։ Վստահ եմ, որ այս ուղղությունը Հայաստանում շարունակելու է զարգանալ։

Շնորհակալ եմ վստահության համար:
Առջևում նոր փուլ է»,- նշվում է գրառման մեջ։