ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կանադական Bombardier ընկերությունն այլևս չի կարողանա իր ինքնաթիռները վաճառել ԱՄՆ-ում, եթե արտադրությունը չտեղափոխի Միացյալ Նահանգներ։
«Bombardier-ի վաճառքն ԱՄՆ-ում այլևս չի լինի։ Եթե նրանք ցանկանում են մուտք գործել մեր շուկա, պետք է այստեղ արտադրեն և դադարեն Ամերիկային վերաբերվել որպես խոզուկի»,– գրել է Թրամփը Truth Social-ում։
Ինչպես հայտնում է BBC-ն, հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային լարվածության սրման ֆոնին։ Թրամփի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց Կանադան հայտարարել է ամերիկյան շուրջ 20 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին։
ԱՄՆ-ն և Կանադան մինչ այժմ չեն կարողացել համաձայնության գալ առևտրային պայմանների շուրջ։ Սպիտակ տունը մի շարք կանադական ապրանքների նկատմամբ սահմանել է մինչև 50% մաքսատուրք։
Միաժամանակ, դեռևս հստակ չէ, թե ինչ մեխանիզմով է Թրամփի վարչակազմը նախատեսում արգելել Bombardier-ին գործունեություն ծավալել ԱՄՆ շուկայում։ Սպիտակ տունը չի հստակեցրել նաև, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության կողմից հաստատված ինքնաթիռների մատակարարումները սահմանափակելու համար։
Մոնրեալում գտնվող Bombardier-ը մասնագիտացած է բիզնես ինքնաթիռների արտադրության ոլորտում։ Ընկերությունն արդեն գործարան ունի ԱՄՆ-ի Կանզաս նահանգում, որտեղ արտադրում է հատուկ նշանակության ռազմական ինքնաթիռներ և աշխատում է շուրջ 3500 ամերիկացի։
Ընկերության տվյալներով՝ Bombardier-ի ինքնաթիռներն արտադրվում են Կանադայի, ԱՄՆ-ի և Մեքսիկայի գործարաններում։ Bombardier-ը Կանադայի խոշորագույն ընկերություններից է և Քվեբեկ նահանգի խոշորագույն արտադրական գործատուներից մեկը։