copy image url
Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 20:03 31-07-2026

Համահեղինակության անվան տակ կարող են լինել նաև կեղծիքի դեպքեր. Մենուա Սողոմոնյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանի գիտնականների՝ միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում հրապարակումների մեծ մասը կատարվում է համահեղինակությամբ։ Թե ինչով է դա պայմանավորված, և ինչ խնդիրներ կան ոլորտում, ներկայացնում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ միջազգային ամսագրերում առանձին տպագրվելը հայ գիտնականների համար բավականին բարդ է, ինչի պատճառով շատերը ստիպված են լինում համագործակցել արտասահմանցի գործընկերների հետ:

«Միջազգային պարբերականներն ունեն խիստ պահանջներ: Դրանցից մեկն այն է, որ հոդվածը պետք է հղում անի տվյալ ամսագրում նախկինում տպագրված աշխատանքներին, որպեսզի պարբերականը պահպանի իր բարձր վարկանիշը: Քանի որ առաջին անգամ տպագրվող հեղինակը նման հղումներ չունի, ստիպված է լինում որպես համահեղինակ ներգրավել այնպիսի գիտնականների, որոնք արդեն ճանաչում ունեն տվյալ ամսագրում: Դա արագացնում է տպագրության գործընթացը, որը հակառակ դեպքում կարող է տևել 1-2 տարի»,- պարզաբանեց փորձագետը:

Մխիթարյանը նաև ընդգծեց, որ հրապարակումների մոտ 90%-ը վերաբերում է բնական գիտություններին, և միայն 5%-ից պակասն է բաժին ընկնում հումանիտար ու հասարակագիտական ուղղություններին. «Այս անհամաչափությունը չի նպաստում Հայաստանի գիտության համակողմանի զարգացմանը: Լուծումն այն է, որ պետությունը մեծացնի ֆինանսավորումը և 1-2 տարում զարգացնի տեղական 3-4 գիտական պարբերական, հատկապես՝ հայագիտության ոլորտում, որպեսզի մենք գիտական միտք արտահանող երկրից դառնանք նաև միտք ներմուծող երկիր»:

Ճշտելու համար, թե որքանով են իրականությանը համապատասխանում միջազգային շտեմարաններում հայաստանյան գիտնականների ներկայացվածության վերաբերյալ տվյալները, Oragir.News-ը դիմել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (ԲԿԳԿ):

Կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի փոխանցմամբ՝ ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրով հստակ վերլուծված է առկա իրավիճակը․ Oragir.News-ը ուսումնասիրություն կատարեց, և պարզվեց, որ 2024 թվականին Հայաստանի գիտնականների հեղինակությամբ կամ համահեղինակությամբ Web of Science հարթակում հրապարակվել է 1 778 գիտական հոդված, որոնցից 596-ը (շուրջ 59%) տպագրվել են առաջին քառորդի (Q1) ամենաբարձր վարկանիշ ունեցող պարբերականներում:

2015-2024 թվականների ընթացքում ընդհանուր առմամբ հրապարակվել է 13 743 գիտական հոդված: ԲԿԳԿ-ի ներկայացուցչի խոսքով` այս պահին Scopus և Web of Science միջազգային շտեմարաններում ինդեքսավորված է 6 հայկական գիտական պարբերական (3-ը՝ բնագիտական, 3-ը՝ հասարակագիտական): Կոմիտեի ներկայացուցիչը նաև նշեց, որ պետությունը քայլեր է ձեռնարկում տեղական պարբերականների կարողությունների զարգացման ուղղությամբ, որպեսզի դրանք դառնան լիարժեք միջազգային հարթակներ և ներգրավեն օտարերկրյա հեղինակների:

Քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ գիտաշխատողների ատեստավորման, ինչպես նաև որոշ բուհերում (օրինակ՝ Երևանի պետական համալսարանում) դասախոսների պաշտոնների տեղակայման մրցույթներում հիմնական չափանիշ է դրված հենց Scopus և Web of Science շտեմարանների հանդեսներում տպագրված լինելու հանգամանքը:

«Թեև հեղինակավոր հանդեսներում տպագրվելը խրախուսելի է, բայց չի կարելի թացը չորի հետ խառնել: Պետք է ուշադրություն դարձնել առանձնահատուկ դեպքերին, ինչը հաճախ նույնիսկ միտումնավոր չի արվում: Խոսքը հատկապես հայագիտական աշխատանքների մասին է: Միջազգային հանդեսները հիմնականում օտարալեզու են (անգլալեզու) և հայագիտական թեմաներով հոդվածներ շատ ժամանակ չեն վերցնում: Ավելին՝ կան ոլորտներ, որտեղ տեքստը հենց հայերեն է պետք, իսկ Հայաստանում այդպիսի միջազգայնորեն ինդեքսավորվող հանդեսներ կամ չկան, կամ 1-2 հատ են»,- նշեց Սողոմոնյանը:

Քաղաքագետի խոսքով՝ ստացվում է, որ հայագիտությունն այս առումով տուժում է, քանի որ պետությունը բավարար գումարներ չի ներդնում տեղական հայկական հանդեսների հեղինակությունն ու դիտելիությունը բարձրացնելու համար:

«Երբ նման պայմաններում մարդկանցից պահանջում են միջազգային շտեմարանների հոդվածներ, ոմանք կարող են ճանապարհ գտնել ու տպագրվել, իսկ ոմանք էլ պարզապես օգտվում են ծանոթի հանգամանքից: Կատարում են զուտ անվանական, նոմինալ աշխատանք և ձևակերպվում որպես համահեղինակ: Այստեղ հնարավոր են նաև նմանատիպ կեղծիքի դեպքեր»,- եզրափակեց Սողոմոնյանը:

Ամենից շատ դիտված