Իսպանական հյուսիսաֆրիկյան անկլավ Սեուտայի իշխանությունները կոչ են արել Մադրիդին արտակարգ դրություն հայտարարել և անհապաղ միջոցներ ձեռնարկել խորացող միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու համար։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում տարածաշրջան է մուտք գործել շուրջ 2000 անօրինական ներգաղթյալ։
Այս մասին հայտնում է Euro News-ը՝ հավելելով, որ ի պատասխան ստեղծված իրավիճակի՝ Իսպանիայի իշխանությունները հայտարարել են Սեուտայում զորքեր տեղակայելու մասին՝ անվտանգությունն ամրապնդելու և տեղի ծանրաբեռնված սահմանային ծառայություններին աջակցելու նպատակով։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ ծովային ճանապարհով օրական գրանցվում է սահմանի շուրջ 300 ապօրինի հատում, և այդ թիվը շարունակում է աճել։
Վերջին 12 ամիսների ընթացքում այս վտանգավոր երթուղով սահմանն անցնելու փորձերի ժամանակ զոհվել է ավելի քան 60 մարդ։
Սեուտայի նախագահ Խուան Խեսուս Վիվասը պահանջել է Իսպանիայի կառավարությունից ստանձնել ինքնավար քաղաքում իրավիճակի վերահսկողությունը, ինչպես նաև տրամադրել լրացուցիչ ֆինանսավորում ու ռեսուրսներ։
Չնայած ստեղծված ճգնաժամին՝ Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը նախապես բացառել էր արտակարգ դրության ռեժիմի սահմանումը՝ պնդելով, որ քաղաքացիական պաշտպանության գործող կանոնակարգերով միգրացիոն հոսքերը չեն դասվում ազգային ռիսկերի շարքին։