ՀՀ կառավարությունը հուլիսի 30-ի նիստում որոշել է վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի կազմակերպման համար հատկացնել լրացուցիչ 23 միլիոն 937.4 հազար դրամ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գումարը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից՝ «Մասսայական սպորտ» ծրագրի շրջանակում։
Հեծանվային արշավի նպատակն է Հայաստանում մասսայականացնել հեծանվային սպորտն ու առողջ ապրելակերպը՝ հեծանվավարությունը ներկայացնելով որպես ակտիվ հանգստի և էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցի ձև։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է նաև քարոզել «Հեծանիվը որպես շրջակա միջավայրը աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարը, նպաստել սպորտային զբոսաշրջության զարգացմանը և Սևանա լիճը ներկայացնել որպես միջազգային մարզական միջոցառումների անցկացման գրավիչ վայր։
Արշավը միտված է նաև տարբեր սերունդների միջև համագործակցության և առողջ մրցակցության միջավայրի ձևավորմանը՝ հեծանիվ վարելը բոլոր տարիքի մարդկանց համար հասանելի և գրավիչ զբաղմունք դարձնելու միջոցով։
Կառավարությունն ակնկալում է, որ նման միջոցառումների կազմակերպումը կնպաստի ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվողների թվի աճին, ակտիվ հանգստի ու առողջ ապրելակերպի տարածմանը, ինչպես նաև զանգվածային մարզական ծրագրերի զարգացմանը։
Որոշումը բխում է Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ռազմավարության գործողությունների ծրագրից։