copy image url
Ներքին 53 րոպե առաջ - 17:28 28-07-2026

ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ հանրային լսում է տեղի ունեցել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը։ Հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։
Հանրային լսումը վարում էր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Հանրային լսմանը մասնակցեցին ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, Էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Նախարար Խուդաթյանը ներկայացրել է նախագծի բովանդակությունը։ Մասնավորապես ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչությանը անխափան էնեկտրաէներգիայի մատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության և սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը։

Մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացվել։