Գերմանալեզու սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է կեղծ տեղեկատվություն գերմանացի քաղաքական գործիչների մասին։ Շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթը՝ հղում անելով Antibot4Navalny հետաքննչական նախագծին, հայտնում է, որ սա Ռուսաստանի հետ կապված մասշտաբային ապատեղեկատվական արշավի մաս է կազմում։ Նմանատիպ հետաքննություն է հրապարակել նաև գերմանական Die Zeit պարբերականը։
Ինպես հայտնում է DW-ն, մեկ ամսվա ընթացքում հետաքննողները հայտնաբերել են կեղծ տեղեկատվություն պարունակող առնվազն 135 տեսանյութ, որոնք ներկայացվել են որպես գերմանական հայտնի լրատվամիջոցների նյութեր։ Բացի այդ, տարածվել են գերմանական պարբերականների առաջին էջերը նմանակող պատկերներ։ Նյութերի հիմնական մասը շրջանառվել է X սոցիալական ցանցում։
Օրինակ՝ հուլիսի 10-ին X-ում հայտնված տեսանյութում պնդվում էր, թե Քրիստոնեա-դեմոկրատական միության քաղաքական գործիչը մտադիր է ֆինանսավորել Բեռլինի նոր պատի կառուցումը։ Տեսանյութում օգտագործվել էր Frankfurter Allgemeine Zeitung թերթի լոգոտիպը։
Փորձագետների գնահատմամբ՝ արշավն իրականացվում է Կրեմլի հետ կապվող Մատրյոշկա բոտային ցանցի միջոցով, որի նպատակն է ազդել հանրային տրամադրությունների վրա տարածաշրջանային ընտրություններից առաջ։ NZZ-ն և Die Zeit-ը ընդգծում են, որ կեղծիքները թիրախավորում են Բունդեսթագում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերին՝ բացառությամբ ռուսամետ հայտարարություններով հայտնի ծայրահեղ աջ քաղաքական ուժերին: