copy image url
Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 16:27 25-07-2026

ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները հայտնվել են ծայրահեղ ծանր ճգնաժամային իրավիճակում։ Կառավարության և Էկոնոմիկայի նախարարության հետ երկար ժամանամ տևած քննարկումները, ըստ ոլորտի ներկայացուցիչների, որևէ գործնական կամ դրական արդյունքի չեն հանգեցրել։

Oragir.News-ի հետ զրույցում Ձկնաբույծների միության վարչության անդամ Արմեն Կարապետյանը ներկայացրել է ոլորտում տիրող իրական պատկերը, պետական աջակցության բացակայությունը, արտաքին շուկաներից հայկական ձկան դուրսմղման վտանգները և հնարավոր հետևանքները, եթե գործադիրը կոնկրետ քայլեր չձեռնարկի.

«Նախարարությունից խոստացել էին զբաղվել աջակցության ծրագրով, քննարկումներ եղան, բայց ոչ մի դրական արդյունք չկար։ Ավելին՝ գնացին 3-4 տնտեսություն, որոնց մենք չենք էլ ճանաչում, 150 միլիոն դրամի չափով ինչ-որ հարցեր լուծեցին ու հայտարարեցին, թե իբր ձկնաբույծների խնդիրները լուծված են։ Հենց դա էր պատճառը, որ մարդկանց մոտ կուտակված բողոքը պոռթկաց, ու դուրս եկանք ակցիաների, որպեսզի հասկացնենք՝ մեր հարցերը լուծված չեն»,- պարզաբանեց Կարապետյանը։

Ձկնաբույծներն այժմ սպասողական վիճակում են՝ ակնկալելով, որ աջակցության փաթեթը կմտնի կառավարության առաջիկա նիստի օրակարգ։ Հակառակ դեպքում՝ նրանք պատրաստվում են դիմել միջազգային ատյանների ու գործընկերների ուշադրությանը.

«Եթե չհաստատեն, մենք սպասում ենք միջազգային համաժողովներին, օրինակ՝ COP17-ին, որպեսզի եվրոպացի գործընկերներին ու միջազգային կառույցներին հարցնենք՝ ձեր տված գումարներն ո՞ւր են գնում, ինչո՞ւ չեն հասնում իրական արտադրողին։ Մենք մեր ձայնը հասցնելու ենք բոլորին»։

Հարցին, թե ինչու ձկնաբույծները չեն փորձում իրենց ապրանքն իրացնել Հայաստանի ներսում, Արմեն Կարապետյանը պատասխանեց, որ դա արվում է գիտակցաբար՝ տեղական փոքր արտադրողներին չսնանկացնելու համար. «Մեր տնտեսությունը խոշոր է։ Եթե մենք մեր ձուկը բերենք ու լցնենք Հայաստանի ներքին շուկա, տասնյակ փոքր տնտեսություններ պարզապես կփակվեն, մի 30 հոգի կմնա ոտքի վրա։ Դրա համար մենք չենք ուզում մտնել տեղական շուկա, ավելի լավ է մենք այստեղ չլինենք, քան թե տասնյակ արտադրողներ կործանվեն։ Մեր միակ ելքը արտահանումն է»։

Ոլորտի ներկայացուցիչը մանրամասն վերլուծեց արտահանման հիմնական ուղղությունների առանձնահատկություններն ու խոչընդոտները.

«ԱՄՆ շուկա. Չնայած ԱՄՆ բնակչության բարձր վճարունակությանը, այնտեղ իրացման ծավալները շատ փոքր են։ Ապրանքը վաճառվում է բացառապես հայկական համայնքային խանութներում («բուտիկներում»), որտեղ գնորդները միայն հայերն են։ Արդյունքում՝ տարեկան 1-2 տոննայից ավելի արտահանել հնարավոր չի լինում, ինչը մեծ տնտեսությունների համար շուկա համարվել չի կարող:

Եվրոպական շուկա. Եվրոպա արտահանելն անիրատեսական է լոգիստիկայի և ձկան պահպանման ժամկետների պատճառով։ Թարմ ձկան պահպանման ժամկետը 14 օր է։ Խանութները պահանջում են, որ ապրանքն իրենց հասնի ժամկետի առնվազն 70%-ի (մոտ 9 օր) պահպանմամբ։ Փաստաթղթավորման 2 օրերից հետո տեղափոխման համար մնում է ընդամենը 2 օր։ Ցամաքային ճանապարհով դա անհնար է, իսկ ինքնաթիռով փոխադրումն այնքան թանկ է, որ ապրանքն էապես կորցնում է իր մրցունակությունը:

Ռուսաստանի Դաշնություն. Հանդիսանում է հայկական ձկան միակ խոշոր և իրատեսական շուկան։ Այստեղ սպառման ծավալները հասնում են մինչև 15,000 տոննայի, և ապրանքը վաճառվում է ոչ թե հայկական փոքր խանութներում, այլ խոշոր սուպերմարկետների ցանցերում։ Կարապետյանն ահազանգում է, որ Հայաստանի անգործության կամ սխալ քաղաքականության պատճառով հայկական արտադրանքն արագորեն կորցնում է դիրքերը, իսկ թափուր մնացած տեղերը զբաղեցնում են այլ երկրներ։

Հենց հիմա մեր տեղը շատ արագ տեմպերով զբաղեցնում են Վրաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Թուրքիան։ Սուպերմարկետներն ու հիպերմարկետները մրցակցության մեջ են, իրենց դարակները չեն կարող դատարկ մնալ։ Եթե մենք ձուկը չենք տալիս, իրենք ժամերի ընթացքում մեզ փոխարինող են գտնում»։

Նա նշեց, որ տարիներով ձևավորված գործընկերային և անգամ ընտանեկան կապերը աստիճանաբար խզվում են. «Մենք 10-20 տարի աշխատել ենք այդ մարդկանց հետ, հյուր գնացել, իրենց ընդունել, Սևան տարել։ 3 ամիս է՝ ասում են՝ «ժամանակավոր է», բայց կամաց-կամաց հարաբերությունները սառչում են։ Եթե առաջ օրը 3 անգամ էինք զանգում, հիմա արդեն 20 օր է՝ չենք խոսել։ Ո՛չ մենք հույս ունենք, որ գնալու ենք, ո՛չ իրենք հույս ունեն, որ գալու ենք»։

Կարապետյանը դժգոհություն հայտնեց նաև պետական առաջնահերթությունների վերաբերյալ՝ զուգահեռներ անցկացնելով հանքարդյունաբերության և տեղական արտադրության միջև. «Առաջին տարին չի, որ մեր դեմ հարձակումներ են սկսվում։ Հայաստանում կան մարմարի, տուֆի, մոլիբդենի, պղնձի, ոսկու հանքեր, որտեղից միլիարդներ են գնում, ու այդ պաշարները չեն վերականգնվում։ Ոչ ոք չի հարցնում՝ ով է փող աշխատում, քանի միլիարդ եկավ, ուր գնաց։ Իսկ մեր ջրերի, արտադրողների վրա խնդիրներ են դնում։ Եթե այսպես շարունակվի, կփակենք ամեն ինչ, գնանք ուրիշ երկիր ապրելու և աշխատելու։ Կոնկրետ Վրաստանում, եթե այսքան աշխատատեղ բացեմ, ինձ պատվավոր քաղաքացիություն կտան»։

Անդրադառնալով իրենց հետագա քայլերին՝ Արմեն Կարապետյանը եզրափակեց. «Եթե մեր պահանջները չիրականացվեն, պատրաստվում ենք շատ ծանր գործողությունների։ Կոնկրետ քայլերը չեմ ասի, որպեսզի նախապես չկանխեն, բայց այլևս նահանջելու տեղ չունենք»։

Ամենից շատ դիտված

18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:50 Սոֆի Դևոյանն ու Կիմ Առաքելյանը՝ Մալդիվներում. պարուհին անկեղծացել է տագնապային ապրումները հաղթահարելու մասին
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան