Հայկական մամուլն ու սոցկայքերը երեկվանից «ողողված են» այն լուրով, որ Կառավարությունը գաղտնի կերպով անհատույց տարածք է տրամադրել Արման Բաբաջանյանի լրատվամիջոցին։ Բայց հարցն այն է, որ նմանատիպ որոշում նույն անձի հանդեպ եղել է նաև անցյալում։
Ողջամիտ կասկած կա, որ Արման Բաբաջանյանը առնվազն 2021 թվականից շահագործում է մշակութային արժեք համարվող շենքի 2-րդ հարկն ու ամբողջ ձեղնահարկը՝ վերափոխված լիարժեք օֆիսային տարածքի:


Ստեղծված իրավիճակում ենթադրելի է, որ այդ մյուս տարածքը նույնպես տրամադրված է եղել անվարձահատույց հիմունքներով, քանի որ վարձավճարների փոխանցման վերաբերյալ որևէ հստակ հիմք կամ տվյալ մինչ օրս չի ներկայացվել:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը, չզեկուցվող հարցերի փաթեթով, երեք տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով 250 քմ մակերեսով պետական տարածք է հատկացրել «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանին պատկանող «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ին, որը հանդիսանում է
1in.am լրատվական կայքի կառավարող ընկերությունը: Այս քայլն ուղիղ հակասության մեջ է մտնում ընդամենը մեկ տարի առաջ որդեգրված պաշտոնական մոտեցման հետ:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ «Առավոտ» օրաթերթը ստիպված եղավ լքել Մամուլի շենքում ավելի քան 30 տարի զբաղեցրած իր տարածքը՝ կառավարության այն հիմնավորմամբ, թե պետական գույքն այսուհետ պետք է տրամադրվի բացառապես վարձակալությամբ։
Թեև թերթը տարածքն անհատույց չէր օգտագործում, իրեն և մյուս լրատվամիջոցներին համադրելի պայմաններ այդպես էլ չառաջարկվեցին։ Արդյունքում ստացվում է մի պատկեր, որտեղ մեկ լրատվամիջոցի դեպքում խստորեն կիրառվեց «միայն վարձակալության» սկզբունքը, ինչի հետևանքով այն զրկվեց իր տարածքից, իսկ մյուսի պարագայում պետական գույքը կրկին տրամադրվում է անհատույց։
Գործելաոճի նմանօրինակ տարբերությունները լուրջ հարցեր են առաջացնում պետական գույքի բաշխման թափանցիկության և լրատվական դաշտի նկատմամբ հավասար ու անկողմնակալ վերաբերմունքի վերաբերյալ։ Թեմայի շրջանակում
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Արման Բաբաջանյանի հետ, սակայն դա չհաջողվեց։
Oragir.News-ը գրավոր հարցում է ուղղել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք մինչև Կառավարության սույն որոշումը, «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ն մասնավորապես՝ 2021-2026 թվականների ընթացքում ունեցե՞լ է իրավական հիմք (վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագիր) Վարդանանց փակուղի 8 հասցեի նշված պետական տարածքը փաստացի զբաղեցնելու և շահագործելու համար: Խնդրել ենք նաև պատասխանել՝ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տվյալ պետական գույքի օգտագործման դիմաց որևէ վարձավճար կամ վարձակալական մուծում փոխանցվե՞լ է պետական բյուջե կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեհամարին:
Oragir.News-ը ՏԿԵՆ պաշտոնական պարզաբանումը ստանալուն պես կհրապարակի այն։